Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատարակում է յուր անձը պապի գործակալ և համաձայնում է հարկ տալ նորան որպես տերության իսկական տիրոջ։ Կորսիկա դեսպան ուղարկվեցավ՝ պապական սեփականությունքը կառավարելու այս կղզու մեջ և սարակինոսների հափշտակած երկիրը հետ դարձուցանելու։ Սարդինիա կոնդակ ուղարկվեցավ նույնպես, որի մեջ ավանդվում էր պապի ծայրագույն իշխանությունը այդ կղզու վերա, իսկ թե վեճ բացվելու լիներ, այն ժամանակ, սպառնացած էր նորմանդացոց ասպատակությունը։ Հայտնի է նույնպես, որ պապը պարգևեց Դմիտրի Դալմաթյան դուքսին թագավորի պատվանուն, այն պայմանով, որ յուրաքանչյուր տարի երկու հարյուր մարկա արծաթ հարկ վճարե Գրիգոր պապին և նորա օրինավոր հաջորդներին, սոցա Դալմաթիու վերա ունեցած բարձրագույն իշխանության համար գին կամ տարեկան վարձ։ Այդ միջոցի Հռովմի մեջ գտանվում էր մի երիտասարդ մարդ, որ Գրիգոր պապի նամակներից մինի մեջ անվանվում է ռուսաց թագավորի որդի։ Այս նամակով ծանոթություն էին տալիս ռուսաց թագավորին, թե պապը զիջանելով երիտասարդ արքայազնի խնդրին, ընդունել է նորա, դեպի սուրբ Պետրոսը և դեպի նորա հաջորդքը հավատարմության երդումը, առանց երկբայելու, թե «այսպիսի ընթացքին երիտասարդ արքայազնի պիտո է հավանի թագավորը և տերության բոլոր երևելի մարդիկը. պատճառ, Առաքյալը այդ օրից սկսած նայելով Ռուսսիայի վերա, որպես յուր սեփականության վերա, պիտո է նորա պաշտպանը լինի»։ Պապը միևնույն երդումը պահանջեց Սվենոն Դանեմարքացուց։ Լեհացիներից, որ այն ժամանակ դեռ նոր ընդունել էին պապականությունը, Գրիգորը, մեջ բերելով յուր ծայրագույն իշխանությունը նոցա աշխարհի վերա, տարեկան հարկ պահանջեց հարյուր մարկա արծաթի։ Ծայրագույն հրովարտակներով Եվրոպայի ամենայն տեղերից Հռովմ գանչվեցան շատ եպիսկոպոսք, որոնց մի քանիքը զրկվեցան կարգից, իսկ մյուսերը հաստատվեցան նոր աթոռների վերա։ Ֆրանսիայի, Սպանիայի և Գերմանիայի մեջ պապական դեսպանքը ունեին պապի իշխանություն, որոնց թուլության կամ սաստկության վերա բարձրանում են գանգատներ Գրիգորի նամակագրութենների մեջ։ Դեռևս շատ բաներ ունեինք հանդես բերելու, բայց ժամանակի սղությունը հարկադրում է մեզ հերիքանալ այս փոքր ի շատե ծանոթաբանությամբք, այն իրողութենների մասին, որ կարող էին գաղափար տալ մեր ազգին, թե ի՛նչպես էր պապականության ուղղությունը և խորամանկ քաղաքականությունը։ Այսպես ահա, միջին դարերում, պապականությունը մեծամեծ

259