Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պապականություն։ Թե ի՛նչ է պապականությունը, ասել ենք նախընթաց գլխումը։ Մարդկության տառապանքը, այն ամենադառն փորձերը, որ հազարավոր տարիներով կատարել է նա, յուր կյանքը և գոյությունը ենթարկելով այս փորձութեններին և այս բոլորը ստրկության և ծառայության մեջ, այս իրողութենների ճիշտ պատմությունը դրել է մեր առաջև այն անխորտակելի ճշմարտությունը, թե ստրկությունը մայր է ամենայն անբարոյականության։ Ավելորդ չէ մի փոքր պարզել այս եզրակացությունը մեր ընթերցողների առաջև, որով և ապացուցանել, թե ի՛նչ կերպով կամ ի՛նչ ճանապարհով ստրկությունը մայր է լինում ամենայն անբարոյականության, որ, յուր կողմից նույնպես, ծնող է և գործարան սոսկալի և սարսափելի հանցանքների։ Մեր խոսքը այս կերպով հառաջ տանելով ասում ենք, թե մարդը որոշվում է այլ կենդանածին անասուններից յուր բանականությամբ։ Քննության տակ ձգելով մարդը ֆիզիկական և հոգեբանական կողմից, նկատում ենք, որ նորա կազմվածքը ցույց է տալիս մի այնպիսի կենտրոն, արարչի ձեռքից դուրս եկած գործարանավոր մարմինների մեջ, ուր ժողովված են բոլոր մարմնեղեն կատարելությունքը, որ ցիր ու ցան երևում են առանձին-առանձին կենդանական և բուսական թագավորութենների մեջ. նկատում ենք հոգեկան կարողությունք և ունակությունք, որ մյուս շնչավորների մեջ փոխանակվում են բնական ազդեցությամբ։ Այս բոլոր նկատողությունքը հավանեցնում են մեզ, թե մարդը ստեղծված է ազատ լինելու համար. նորա ազատությունը հետևանք է նորա ֆիզիկական կատարյալ կազմությանը և աննյութ և իմացական կարողությանը։ Ազատությունը, կամ ազատության վերամբարձ ցանկությունը, որով միայն մարդը որպես բանական էակ գիտակցաբար ճանաչած է լինում յուր արժանավորությունը այլ արարածների մեջ, վառվում է, բորբոքվում է մանավանդ, եթե մի սեղանապիղծ ձեռք կամ իրողություն փորձ փորձեր կապել այս ինքնագո հոգեկան ձգտողության և անձնազգայության բնական իրավունքը: Եվ ճշմարիտ. ո՛վ մեզանից բողոքելու չէր, եթե մի բարբարոս և բռնակալ ձեռք կապեր մեզ թե նյութապես և թե բարոյապես, կամ արգելանքի տակ դներ մեր ազատությունը, մեր կամքը, որ հետևանք էին մեր հոգեկան և ֆիզիկական կատարելությանը։ Վկա է պատմությունը, որ ապստամբությունք, խռովությունք, սպանությունք, հրկեզք, հափշտակությունք և այլ սոսկալի մոլությունք ծնեցան բռնակալութենից։ Բռնակալական հոգին, որ պատշտպան է

262