Ի՛նչ կարելի բան է, որ մի մարդ երկու տեսակ սրտի վկայություն ունենա, երբեմն այսպես ասե և երբեմն այլպես: Այո՛, մարդը չէ կարող ունենալ, բայց ճիզվիթը առատ ու հարուստ է սրտի վկայությամբք. նա այնքան ունի և այնքան կարող է ունենալ, որքան գործ պատահել են կամ պիտի պատահեն նորան, մանավանդ թե այդ գործը հարակցություն ունենա մի նյութական օգտի հետ: Ճիզվիթը մի անբարոյական էակ է, նորա համար չկա ոչինչ սուրբ բան. նորա սուրբ բանը է նորա նպատակը, իսկ նորա նպատակը — նյութ է: Նպատակին հասնելու համար ամենայն բան ներելի է, մարդասպանը ևս Դավիթ և Հուդիթ է դառնում: Իսկ թե ի՛նչ ամենամոտ հարակցություն կա ճիզվիթների և Մխիթարյանց մեջ, այդ մասին խոսել ենք այս հոդվածի երկրորդ գլխում, քննելով Մխիթարյանց բարոյականությունը: Այստեղ մի բան ևս հարկավոր է չթողուլ առանց հիշատակի, այսինքն թե Մխիթարյանք տեր են յուրյանց գրած կամ տպած բանին մինչև այն ժամանակ, որ կային այդ ընկերության մեջ, և այդ միջոցին փույթ չէ, եթե գրում են և տպում են, թե հայոց եկեղեցին հերետիկոսական է, հայերը հերետիկոս են, հերձվածող են, դժոխքի բաժին են (եկեղեցուց դուրս) և այլն և այլն. բայց մի այդպիսի անդամ դուրս գալով Մխիթարյան միաբանության միջից կամ միանալով բուն հայկական եղեղեցու հետ և կամ վշտացած լինելով միաբանութենից, իսկույն հրաժարվում է յուր հայոց վերա գրած պարսավից և չէ ամաչում ասել, թե ինքը չէր այդ բանի հեղինակը, այլ հետո Աբբան կամ վանական ժողովն է հավելացուցել: Կնքենք այս գլուխը եզրափակելով, թե Մխիթարյանց մատենագրական գործունեությունը ունի երկու շարժառիթ, ինչպես ասել ենք, և այդ շարժառիթքը անմիջական հետևանք են Մխիթարյանց ճիզվիթությանը: