աշխատասիրութեան, եթէ միայն հասանէին ի թիկունս ազգասիրական քաջալերք առողջամիտ հայրենասիրաց։ Ի հարկէ ոչ հրամայելով նմա որպէս իւրեանց ծառայի, այլ ի պատուոյ ասպարէզ հրաւիրելով զայրն գիտնաւոր և քան զբազումս արժանի։ Այլ հերիքասցին առ այժմս բանք զպատմութենէ Հայոց։ Դարձցուք վերստին ի կարգ մերոց բանից։
Խնդիր ի մէջ ելանէ, այո և հարցասիրութիւն իսկ, եթէ միաբանութիւնն Մխիթարեան` զի՞նչ գործ վասն ազգի վճարեաց, այսմ մարթ է պատասխանի առնել, եթէ միայն անբիծ իցեն սիրտք մեր յամենայն կրօնամոլական ախտից և աչք մեր` ազատ ի մեկուսի հայեցուածոց։ Թէպէտ չկարեմք դատապարտել զՄխիթար Սեբաստացի առ ուրացութեան զեկեղեցին Հայոց, բայց և ոչ գովեմք զայրն այդպէս ընթացեալ։ Ինձ թուի, թէ առ ի ոչ անիրաւել առ Մխիթար հաւատափոխ, պարտ էր միտ դնել բռնակալ հանգամանաց ժամանակին, իբրև ի վերայ մարդոյ միշտ ծառայողի, զորոց կախին ամենայն անցք ընդ մարդկութիւնս և դատաւոր նստիլ ի վերայ նորա, հանգամանաց աշխարհի, և ո'չ իբրև ի վեր գերաշխարհիկ իմն էակի, այլ որպէս կարիցեմք թողուլ անբասիր զկրօնամոլ և զաբեղայամիտ յաջորդս նորա և զաշակերտս, որք անպատկառ և աներկիւ յԱստուծոյ, քարաձիգ եղեն ի ծնողական եկեղեցին` արկեալ զանձամբ զաբեզայական սքեմ աղճատեալ եկեղեցւոյն Հռովմայ, յորում ոչ այնքան Աստուածայնոյն պաշտեն պատուէր հրամանի, որքան դիւրագայթ և սխալական մարդոց, զորս փոքր մի ևս և աստուծացուցանել ախորժէին դոքա անսխալական (risum teneatis, amici) զեկեղեցին Հռովմայ առձայնելով։ Դիցուք թէ Մխիթար իբրև այր 16 և 17-երորդ դարուց, առաջնորդեալ եղև միջին դարուց տեսութեամբ, և կամ իբրև այր ոչ ուսումնասէր և ցանկացող լոկ ուսման և ո'չ իբրև ինքնացեալ ուսումնական, չկարաց անպղտոր աչօք տեսանել զմայրենի եկեղեցին, այլ մա՞րթ ինչ իցէ արդեօք հաւատալ այսմ ի 19-երորդ դարուս, թէ պատուելի հարք Մխիթարեանք ինքեանք իսկ ո'չ տեսանեն զանպատեութիւն գործոյս, և թէ եկեղեցին Հայոց եթէ մաքրութեամբ իւրով չէր ի վեր քան զհռովմէական եկեղեցին, չէր և ոչ ինչ ստոր կամ նուազ քան զայն։ Եւ զի՞արդ մարթիցէ մեզ լուեալ զայսպիսի անարժան բանս ի բերանոյ պապական Հայոց, ի կարծիս լինել, որպէս թէ ջանք և վաստակք Մխիթարեանց հայէին յօգուտ ազգին, տեսեալ ստուգապէս, քաւ լիցի մեզ մոլորիլ յայդպիսի օդակառոյց կարծիս. զի քաջ գիտեմք և չիք յայսմ տարակոյս, եթէ զկենդանութիւն ազգին պահեն թագաւորութիւն; կրօնն և լեզուն. առ մեզ կորուսեալ է առաջինն և չիք յայժմուս, մնայ ուրեմն ապաստանիլ ի կրօնն և ի լեզուն, այլ եթէ պատուելի Մխիթարեանք,