Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արոտի վերա։ Նորա կերպարանքը տխուր, և, չնայելով նորա երիտասարդությանը, արդեն խորշոմը դրել էր նորա ճակատի վերա յուր կնիքը։

Հարցասիրությունը բռնադատեց ինձ մոտենալ այդ մարդուն․ նորա մելամաղձոտ կերպարանքի մեջ գտա ես մի համակրություն։ Ինձ թվեցավ, թե այդ մարդը շատ վշտերի ենթարկվելով, իրավունք էր ստացել որ ամենայն մարդ կարեկից լինի նորան։

Մոտեցա և ողջունում եմ։ Նա փոխանակ իմ ողջույնը ընդունելու, դեպի երկինք վեր բարձրացրեց յուր նիհար ձեռքերը և վշտահար աչքերը, և ասաց.

— Ա՛ստված իմ, ա՛ստված իմ, այստեղ ևս հանգիստ չկա մարդերից, այստեղ ևս չեմ կարող մոռանալ ինձ շրջապատող բնությունը և վեր բարձրանալ մտքով դեպի քեզ։

Այս խոսքերը ասաց, առանց ուշադրություն դարձուցանելու իմ վերա, հետո, որպես թե կերպարանափոխ լինելով, շատ սառնությամբ ողջունեց ինձ։ Սա ի՛նչ օտարոտի մի մարդ է, մտածեցի ես․ արդյոք ի՜նչ է պատճառը, որ աշխարհից բոլորովին հուսահատվելով մխիթարություն է որոնում անապատում, միայնության մեջ։

— Խնդրեմ ներողությո՛ւն,— ասացի ես,— եթե անպարկեշտությամբ վրդովեցի քո առանձնական ժամերի խորհրդականությունը․ բայց ես չեմ մեղավոր, որ շտապեցի քո մոտ, դեռ նոր էի տեսել քեզ հեռվից և ահա սիրտս սաստիկ սկսեց բաբախել կուրծքիս մեջ։ Քո բանաստեղծական կերպարանքը, քո տխուր հայացքը մոտ քարշեցին ինձ քեզ․ իսկ թե ինչ է քո մեջ այն, որ այդպես ներգործեց իմ վերա, չեմ կարող հաշիվ ու համար տալ ինձ։

Մի պարկեշտ ժպիտ խաղաց իմ անծանոթ հանդիպակացի շրթունքի վերա։

— Ես մի խեղճ մարդ եմ,— ասաց նա,— և իմ մեջ բացի հիվանդութենից ոչինչ չկա։ Դու զարմացնում ես ինձ պատմելով, որպես թե իմ ներկայությունը այդպիսի տպավորություն էր գործել քո վերա։ Առաջին անգամ տեսանում եմ ես մի մարդ, որ այդպես քնքշությամբ խոսում էր իմ հետ։ Մինչև այժմ բացի բամբասանքից, քսութենից, ատելութենից և անիրավ հալածանքից ուրիշ ոչինչ չեմ տեսել ես մարգերից։ Տե՜ր աստված, մի՞թե վերջապես ծագել է գթության օրը։

Վերջին խոսքերը ասելու ժամանակ դարձյալ վեր բարձրացրեց ձեռքերը և աչքերը, բայց սոքա արտասուքով փայլում էին այս անգամ։

— Մի՛թե մարդերի անարդարությունը պատճառ է եղել, որ այդպես