Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակում է տպագրվել Փարիզում, Խորեն և Ամբրոսիոս Գալֆայանների անմիջական հսկողությամբ։ 1859 թ. ամսագիրը փոխադրվում է Թեոդոսիա, բայց կազմակերպչական աշխատանքների պատճառով տպագրությունը նախ վեց ամսով, ապա մեկ տարով դադարեցվում է։ Սկսում է հրատարակվել 1860-ից` արդեն նոր վերտառությամբ, «Մասյաց աղավնի և Ծիածան Հայաստանյայց», «Ծիածան» և «Радуга», ֆրանսերեն և ռուսերեն հավելվածներով, Ֆրանսիական հավելվածը դադարեցվում է 1861-ի հունվարից։

«Մասյաց աղավնու» նկատմամբ Նալբանդյանի անբարյացակամությունը պայմանավորված էր նրա և Այվազովսկու բարդ փոխհարաբերություններով, որոնք ժամանակի ընթացքում սրվում են՝ նրանց քաղաքական դիրքորոշմանը համապատասխան։

Գաբրիել Այվազովսկին (Այվազյան, 1812-1880) ծնվել է Թեոդոսիայում։ Սկզբնական կրթությունն ստացել է լուսավորչական ոգով, այնուհետև սովորելով Մխիթարյանների մոտ, ընդունել է կաթոլիկ դավանություն։ Դեռևս ուսումնառության տարիներին Այվազովսկին ցուցաբերում է մեծ ընդունակություններ և հետագայում դառնում միաբանության աչքի ընկնող անդամներից մեկը։ Նա «Բազմավեպ» ամսագրի հիմնադիրներից էր (1843) և առաջին խմբագիրը։ Տիրապետում էր բազմաթիվ լեզուների, հեղինակ էր մի շարք ուսումնասիրությունների («Պատմութիւն Ռուսաց», «Պատմութիւն օսմանյան պետութեան», «Նախակրթանք հայերէն լեզուի» և այլն)։ 1850-ական թթ. կեսերին Նալբանդյանը Այվազովսկուն համարում էր Մխիթարյան միաբանության «կորովաբան» հայրերից մեկը, բարձր գնահատում նրա պատմաբանական գրվածքները և «ընտիր հայախոսությունը («Յաղագս հայկական մատենագրութեան ճառ», տե՛ս սույն հրատարակության հ. II, էջ 36)։

Վեց տարի խմբագրական աշխատանք կատարելուց հետո, Այվազովսկին նշանակվում է Փարիզի Մուրադյան վարժարանի դաստիարակ։ 1855 թ. նա հեռանում է Մխիթարյաններից, փոխում դավանությունը և լուսավորչական հայերի զավակների համար Փարիզում բացում Հայկազյան վարժարանը, բայց մի շարք դժվարությունների հանդիպելով, վճռում է վերադառնալ Ռուսաստան։ 1857-ի սկգբին Այվազովսկին դիմում է Փարիզի ռուսական դեսպան Կիսելյովին՝ առաջարկելով Օդեսայում հիմնադրել հայկական դպրոց, որտեղ ներգրավվեն նաև արևմտահայ քաղաքացիների զավակները։ Դրանով նա ցանկանում էր նպաստել «հայերի մերձեցմանը Ռուսաստանին և այդպիսով նաև վերջինիս ազդեցության ուժեղացմանը Արևելքում»։ Այս դիմումի մասին հաղորդելով Արտաքին գործերի մինիստրին, Կիսելյովն իր կողմից նպատակահարմար է գտնում նման դպրոցի հիմնադրումը՝ որպես Արևելքի քրիստոնյա բնակչության վրա Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու կարևոր միջոցի (տե՛ս Մ. Նալբանդյան «Անտիպ երկեր», էջ 346)։

1857 թ. մարտին Կիսելյովը տեղեկացնում է Այվազովսկուն, որ ռուսական կառավարությունը համաձայնություն է տվել, որպեսզի Ռուսաստանի հարավում նա բացի ծրագրած հայկական դպրոցը։ Նույն թվականի ամռանը Այվազովսկին գալիս է Թեոդոսիա, ապա հոկտեմբերին մեկնում Մոսկվա և Պետերբուրգ։ Մայրաքաղաքում նրան ընդունում են Ալեքսանդր II-ը և արտաքին ու ներքին գործերի մինիստրները։ Այվազովսկին այստեղ ստանում է նաև կառավարական հրամանը` իրեն Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ առաջնորդի տեղակալ նշանակելու մասին։

Հոգևոր կոնսիստորիան Քիշնևից փոխադրելով Թեոդոսիա, Այվազովսկին իսկույն ձեռնամուխ է լինում իր պաշտոնական պարտականությունների կատարմանը, դրան զուգընթաց նա զբաղվում է Խալիբյան դպրոցի և տպարանի հիմնադրման աշխատանքներով, ծավալում է կրթական և հրատարակչական բեղուն գործունեություն։ (Գ․ Այվազովսկու)