Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների թարմ տպավորության տակ, միաժամանակ նպատակադրվելով ուժեղացնել Ջալալյանի դեմ այդ պահին սրված պայքարի ճակատը։Նա ենթադրում է, որ ինչպես «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը», նրա այդ հոդվածը նույնպես մնացել է անտիպ և տպագրվել է գրաքննական ճնշման համեմատական մեղմացման շրջանում, 1861-ին։

«Հռոմեական նամակի» հանգամանալից ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անվանի նալբանդյանագետն իրավացի էր։ Խորապես զգայուն՝ ազգային կյանքի առաջընթացն արգելակող բոլոր երևույթների նկատմամբ, Նալբանդյանը մեծ ուշադրություն է նվիրել ժամանակի հայկական դպրոցների անմխիթար վիճակին, բազմիցս քննադատել ազգային դպրոցի հավակնություններ ունեցող Ներսիսյան դպրոցի թերությունները և ցանկություն հայտնել այն տեսնելու առավել մոտ՝ հայ ժողովրդի լուսավորական պահանջների իրականացմանը։ Հենց «Հռոմեական նամակի» մուտքի խոսքում նրա տված գնահատականը ներսիսյան դպրոցին և արտահայտած գաղափարները' իդեալական դպրոցի վերաբերյալ, նրա լուսավորական֊դեմոկրատական հրապարակախոսական ելույթների տրամաբանական շարունակությունն էին։ Այս առումով էլ, երբ նալբանդյանը «Հռոմեական նամակում» արտահայտվում էր հայ կյանքի կրթական գործում նկատված աղաղակող թերությունների մասին, պարտադիր չէր, որ միաժամանակ հեղափոխական-դեմոկրատական գաղափարներ զարգացներ։

«Նամակի» այլաբանական կաոուցվածքը, որ պայմանավորված էր գրաքննական դժվարություններով, կարող էր ծրագրվել խմբագրական գործիչների նեղ շրջանակում։ «նամակում» բերված փաստերը, թեև հեղինակին հայտնի, ամենայն հավանականությամբ ստուգվել և ճշտվել են դեպքերի վայրում, Թիֆլիսում, 1860 թ. աշնանը, Նալբանդյանի Կովկասում գտնված օրերին։ Եվ որովհետև այդտեղից նա ուղևորվում է արտասահման և նամակն ուղարկում ճանապարհից, այն, բնականաբար, տպագրվում է ուշացումով, 1861 թ․ աշնանը։

«Հռոմեական նամակը» այլաբանական մի պատում է, գրված սիմվոլների ու խորհրդավոր պատկերների միջոցներով։ Սյուժեն զարգանում է անսովոր իրադրություններում, ինչպես «Հիշատակարանի» բազմաթիվ էջերում։ Որոշ հատվածներ ուղղակիորեն աոնչվում են Նալբանդյանի կենսագրական փաստերի, «Հիշատակարանի» զանազան գլուխների և հենց հեղինակային վերաբերմունքի հետ՝ դեպի «Հիշատակարանը»: Այսպես, ինչպես նշել է Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի ծանոթագրողը, «Հռոմեական նամակի» մուտքի՝ փոթորկի նկարագրությունը կապվում է Նալբանդյանի ճանապարհորդական տպավորությունների հետ, երբ Միջերկրական ծովում ալեկոծություն է սկսվում, և նավը, որում գտնվում էր նա, Մարսել գնալու փոխարեն կանգ է առնում Սիցիլիայի ափերին։

«Հիշատակարանի» Թ գլխում Շահբեգը գերության մեջ երազ է տեսնում։ Նրան է մոտենում մի երիտասարդ, մելամաղձոտ և տխուր կերպարանքով․ «...և, չնայելով նորա երիտասարդությանը, արդեն խորշոմը դրել էր նորա ճակատի վերա յուր կնիքը» (տե՛ս սույն հատորում, էջ 127)։ «Հռոմեական նամակի» հեղինակի խոսակիցը մի խորհրդավոր պատանի է, որի «պարզ երեսի վերա տարածված էր տրտմության վարագույրը, զգեստը կիսամաշ և ինքը խորասուզած մտահածության անդունդի մեջ։ ...Նա խոր հոգոց հանեց և ասաց...» (էջ 285)։

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում երազում հայտնված այս երիտասարդները տառապում են ազգի ցավերով և մտահոգված են նրա կյանքի վերանորոգման խնդրով։  443