Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սոված և ծարավ, բնավ նորա երեսի գույնը չէ թռչում, նորա առողջությունը չէ սասանում. իսկ երբ տանը նստած լսում է Վարդիթերի մահը,խոր հոգոց է քաշում, մեջքի վրա հետ գնում, գլուխը Գարեգինի ձեռքի վրա դնելով խնդրում է, որ աշխատի երկուսին (իրեն և Վարդիթերին) իրար կշտի թաղել տա, իր մորը մխիթարե, եղբարցը մնաս բարով ասե,ինքն էլ ուրախ կենա (!), հետո աչքերը վերև բարձրացնում, աղոթք անում ու հոգին ավանդում։ Իրար մոտ թաղելու խնդիրը անում է նաև Վարդիթերը, երբ դեռ Սոսը մեռած չէ, որին արգո հեղինակը մի վայրկյան Փանվելի աղջկա շնորքն է ընծայում։

Մենք չենք ուզում այս բոլոր անբնական և շատ թույլ նկարված անցքերը քննության դանակի տակ ձգել, այդ շատ երկար կլինի․ առանց նորան էլ երկարում է մեր հատվածը։ Գուցե ավելորդ էլ լիներ այս աչքն հայտնի թուլության վրա շատ խոսել, մանավանդ որ ինքը, արգո հեղինակը կամ մեր ընթերցողքը, եթե ուշադրությամբ կարդան այս անցքերի նկարագրությունը, որ մենք առանց մեր կողմից մեկ խոսք ևս ավելցնելու քաղեցինք բնագրից (եր. 218— 222), իրենք կը տեսնեն մեր տեսած. անբնականությունը և հակասությունը։ Այսչափ միայն ասում ենք,որ վիպասանության շինվածքին մեծ հարված է տվել կատաստրոֆի այս անբնականությունը։ Եվ որպես թե հերիք չէր ինչ եղել էր, այն պատվական տապանագրից հետո.

«Ահա սիրո պտուղներ.
Մի ագահ մարդու գոհեր,
Ով ըստեղից անց կենա,
Հիշի Սոսն ու Վարդիթեր,»

որ շատ ընտիր է, կարճ և ազդու, դնում է Գարեգինի անտեր ողբը։ Ամբողջ գործի մեջ բոլոր ոտանավորքը որ տակ ու վերև են անում, մեկ հատ չկա այսպիսի անխորհուրդ, անաջող և սառը ոտանավոր: Պատճառը շատ բնական է։ Գործը հեղինակի մտքում և սրտում արդեն վերջացած է, նորա ոգին էլ բան չունի այս գործի հետ. բայց երբ բռնադատում ես գրիչը ինչ որ էլ լինի բան գրել, հայտնի բան է, որ Գարեգնի ողբի պես կլինի, որ ո՛չ բարով պիտի ասեր։

Եթե ստույգը ասենք, մեր քննության այն մասը, որ նվիրված էր թերություններին Սոս և Վարդիթեր գործի, որպես վիպասանության, պրծավ։Մեր այսուհետև նկատելի թերությունքը էլ վերաբերություս չունին բնագրին, այլ հեղինակի լեզվին և հառաջաբանին։ Հեղինակի լեզու