Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կկամենա՞ր պարոնը, որ ցույց տայինք նորան բողոքական եկեղեցու աուտոդաֆեքը, թեև առանց այս անունին, թեև ինկվիզիցիոնի, պապի և Հռովմի եկեղեցու անունը չէին կամենում լսել,— աղաչում ենք աշխատություն հանձն առնուլ և կարդալ Մակոլեյի Անգլիո պատմությունը:

— Աղաչում ենք կարդալ Թովմաս Հենրիկոս Բոքլ անզուգական հեղինակի աշխատությունը՝ «Քաղաքակրթության պատմությունը Անգլիո մեջ», մանավանդ այս անմահ աշխատության երկրորդ հատորը, որ հիանալի բաներ կան բողոքական եկեղեցու վերաբերությամբ։ Այս բաները մի երկու միսիոնարների գործերը չեն, այլ բողոքական եկեղեցու գործը: Այս եկեղեցին շինվելով Հռովմի եկեղեցու ավերակների վերա, ա՛յնքան ազատություն բերեց իր ժողովրդին, ո՛րքան այն տերություն[ք]ը միջին դարերում, որ կազմվեցան նույն Հռովմի կայսերության ավերակներում։ Ազատությունը մի լոկ խայծ է բողոքական քարոզիչների կարթի ծայրում, վա՜յ միամտին, որ խաբվելով կբռնվի,— այնուհետև անպայման ստրկությունը նորա հավիտենական բաժինն է: Բողոքական եկեղեցին (թողնելով աոաջին խռովությունքը և արյունահեղ պատերազմները, ուր բողոքականք չէին միայն մեղավոր, այլև պապականք ), ի՞նչ խռովություններ, ի՞նչ քաղաքական երկպառակությունք, ի՞նչ երկդիմի ընթացք և խարդախությունք ցույց չի տվեց Անգլիո մեջ շարունակ — Կարլոս առաջինի գլխատվելուց մինչև Վիլհելմ Օրանժյանի թագավորելը,— և տակավին սորա օրով, հրաժարվելով երդմնելուց (որովհետև այժմ հակամետ էր դարձյալ պաշտպանելու Հակոբ Բ. Ստյուարտի և նորա ժառանգի իրավունքը)։ Բայց այդ ամենը մի ըստ միոջե պատմել մեր գործը չէ, վերը հիշված հոյակապ իմաստասեր պատմաբանքը արդեն դրել են այն մարդկության աոաջև։

Ո՛վ չգիտե կամ չէ լսել Րոբերտ Օուենի և նրա Նուալեներքյան դպրոցի անունը. ո՛վ չգիտե այն ազնիվ մարդու սուրբ և նվիրական խորհուրդը — յուր հիմնած դպրոցով և գործարանով վերցնել սոսկալի աղքատությունը... Բայց և ո՛վ չգիտե, թե ինչե՞ր չբերեց այն մարդու գլուխը բողոքական եկեղեցին։ Ամերիկայի մեջ դարձյալ ՝ ինչե՜ր չքաշեց քվեքըրների ձեռքի՜ց (թեև Մակոլեյը սոցա անվանում է անվնաս աղանդավորք, երևի յուր մայրը քվեքըրուհի լինելու պատճառով)։ Բոբերտ Օուենի գերեզմանի հողը տակավին թարմ է, այս իրողությունքը գրեթե մեր աչքի առաջև անցան։ Երանի՜ թե միայն սոքա լինեին։

Ի՞նչ է կարծում պարոնը, ամերիկյան միսիան լինելով Նյու-Յորքի մեջ, պաշտո՞ւմ է նո՛ւյն աղատությունը, որ ոգի է տալիս Միացած Նահանգներին: