Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծո՞ւմ է, թե միսիոնարները՝ Ամերիկայի մեջ կամ Անգլիա կամ ուր և իցե, մի կրոնական թշվառ դպրոցում ստանալով մի որպիսի և իցե կրթություն՝ շերեփներո՞վ էին խմում աղատությունը: Քա՛վ լիցի:

Եգիպտոսի քուրմերից մինչև քվեքըրը՝ կերպարանափոխությունք կան, բայց իրը նույնը կմնա, քանի որ դոքա ինքյանց ժողովրդեն անջատ մարմին մի կձևացնեն։ Ազատության պահապանքը դոքա չե՛ն. դոքա ավազակ են ուրիշի խղճի ազատության. դոքա հափշտակում են այդ ազատությունը և քամում են ազատ դատողության վերջին բարոյական զորությունը, որ առավել բացարձակաբար բռնանան յուրյանց որսի վերա։ Այդպիսի ընթացքով դոքա միշտ դժբախտ մարդկության ուտիչ ու ցեցերը պիտի համարվի՜ն...

Այսօր բողոքական եկեղեցին ժիպակ է դարձել (սնդիկ), որ ամենափոքր հարվածից, մի չնչին զարկից հարյուրավոր մասների կցնդի։ Մի՞թե արգո հեղինակը կարող է հավատալ միսիոնարների ասածին, որպես թե՝ այդ էր խղճի աղատության երևույթը։ Եթե այդպե՛ս է, ինչի՞ ուրեմն զանազան բաժանմանց պատկանող բողոքականք հալածում են միմյանց, և ի՞նչպես «չուտելու և չի խմելու» ուխտելով։ Այո՛, այսօր է՛լ չի պատահել, որ եպիսկոպոսականք Մարգարիտ Մեկլեչլեն և Մարգարիտ Ուելսոն երիցական կանանցը խեղդեն Սոլվեյ ծովածոցում, տեղատվության ժամանակ սյուներ դնելով ավազի վրա բարձր ու ցած տեղերում, որ մակընթացության առաջին զոհի կտտամահ լինելը երկրորդը տեսնելով, հրաժարվի երիցական աղանդից և ընդունե եպիսկոպոսական երկնային ուղղափառությունը,— թեև երկու կանայքն էլ ստոյիկյան քաջությամբ մեռան, պաշտելով յուրյանց խղճի ազատությունը։ Այո՛, Ամերիկայի կամ Անգլիո մեջ այսօր կախաղան կամ խարույկ էլ չկա, բայց խարույկները և Բարցելոնի մեջ մարած են. ո՛րքան վերջինը կարելի էր վերագրել պապական եկեղեցու ազատասիրության, նույնքան և առաջինը բողոքականներին, որք մերժելով պապի իրավասությունը, երբեք չմերժեցին խարույկը և կախաղանը «հերձվածողների» ընդդեմ, մինչև որ քաղաքակրթությունը զորանալով, այդ երկուսը միասին կործանեց՝ առանց բողոքական կամ պապական եկեղեցիների, ո՛չ թե ցանկության, այլ գեթ թույլտվության. նզովք և մերժողությունք ծաղկում են ո՛չ միայն պապական եկեղեցու գոգում, այլև բողոքականում և այն՝ ո՛չ միայն կենդանիների, այլև մեռելների ընդդեմ։

Պե՞տք են ապացույցք.- ուրիշ ամենը թողած, այս միայն ենք