Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցանում։ Ի՞նչ պատճառով Ուեստ-Մինստեր աբբայության մեջ չենք տեսանում լորդ Բայրընի գերեզմանը. նա ամեն իրավունքով պիտի այնտեղ թաղվեր, որպես լորդ և հոյակապ բանաստեղծ։ Բայց նա այնտեղ թաղված չէ։ Երբ բանաստեղծի մարմինը բալասանած Հունաստանից Անգլիա բերին, բողոքական եկեղեցին և նորա փարիսեցի արբանյակները, տեսնելով այդ փաթաթված և բալասանված մարմինը, ծափ զարկին և կարծեցին թե մումիացու է, կարծեցին թե՝ Լոնդոնը Մեմփին է, կարծեցին թե, պառլամենտների տեղ մի փարավոն է թագավորողը. ուստի և հական թոթափել դիադատության հին ատյանը նորոգեցին։ Այնտեղ հիշվեցան, որ հոյակապ բանաստեղծը ընդդեմ է եղած եկեղեցուն, որպես հանցավոր յուր ամուսնու ընդդեմ. այնինչ հանցանքը մինչև այսօր ևս տակավին ապացուցված չէ. (տե՝ս Մակոլեյի հատվածը Բայրընի մասին). այնտեղ հիշվեցան բանաստեղծի անառակությունքը Վենետիկի մեջ. որպե՜ս թե մինչև այսօր այդ աբբայության դուռը փակվեցավ Բայրընի դագաղի առաջև։ Չկարողացան գուշակել, որ Բայրընը գերեզմանից փառք խնդրող չէր, այլ նորան փառք տվող։

Մենք չենք մերժում, թե որևիցե ընկերության մի գործակալի անհատական հատկությունքը չէին կարող հանդես ունենալ կամ պատասխանատու կացուցանել այդ ընկերության բոլոր պաշտոնակատարությունը, բայց նույնպես խնդրում ենք ընդունել, որ բոլոր այդ դործակալքը միասին առնված, այն ընկերության ոգու հայտարարն են։

Արգո հեղինակը ուսումնականության է ենթարկում «այդ յուր տեսակի»գիտության արհեստավորների մեջ. երանի՜ , թե ավելի լավ ծանոթանար նոցա կրոնական դպրոցների հետ, այն ժամանակ կփոխեր յուր կարծիքը և կնայեր նոցա վրա իբրև հասարակ և տգետ աբեղաների, որ գիտեին հարկավ անգլերեն և գուցե մի երկու ուրիշ լեզու ևս, այն էլ դժվարա՜վ։

Մենք հույս ունինք, որ մեր համազգի հռովմեական կամ բողոքական եղբայրքը չգայթակղին մեր խոսքերից. մենք ոչ ոքի ներքին կրոնը կամ խիղճը դատելու, չասենք հանդգնությունը, այլ՝ գեթ աշխարհաբար խոսելով, հիմարությունը փիզ առնող չենք. և մեր պատերազմը այս կամ այն հավատալիքի ընդդեմ չէ, այլ բռնությա՛ն ընդդեմ, որ մենք տեսնում ենք այն եկեղեցիներում, որք կամենում են մեզ ազատություն պարգևել։ Ո՜հ, մի ազատություն, որ բնավ տարբերություն չունի բռնությունից։ Ինչ որ վերաբերում է բուն ներքին կրոնին, թո՛ղ յուրաքանչյուր