Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հետո, երբ արժ․Խրըմյանը հորդորում էր ժողովուրդը, սիրով և միաբանությամբ գործ դնել Սահմանադրությունը, քարոզե, թե ինքն Ավետարանից ուրիշ Սահմանադրություն չէ ճանաչում, թո՛ղ նույնը և ժողովրդին ուսուցանե․․․Թո՞ղ վերջապես ազգը մեռնի ու գերեզման դրվի, միայն․․․Միա՜յն․․․ Միայն թե մեր բանին չխառնվին, մեր մասին չգրեն, մեզ չդատապարտեն, մեր կամքը իբրև Մովսիսի պատգամ ընդունեն․ «մեր ըրածին կամ ընելիքին վրա չխոսին»․․․

Իսկ ձեր «չըրածին և չընելիքին վրա» կարելի՞ է խոսել, սքանչելի՛ ղեկավարք ազգային վարչության․ «Անիկա ալ մեր գիտնալու բանն է․․․Փա՛ռք աստուծու, ի՞նչ է եղեր, օրե օր աղգերնիս կհառաջադի մե կոր (գիտենք, կդիմե, բայց դեպի կործանումն), քիչ մը պակասությունք կան եղեր․․․ Ո՞ւր տեղ չկա, անոնք ալ կամաց կամաց կշտկվին․․․ Հիմակոլ հիմա աս չափով գոհ ըլլ՛ալու է, խոհեմությունը անանկ կպահանջե․ ամեն մեկեն հօփ տեի կըլլել չըլլար․․․ Քչիկ, քչիկ․․․— « Ազգերնիս կհառաջադիմե կոր․․․»։

Ազգի զավակները սրիկաների մատնված, սրախողխող են լինում յուրյանց մահիճների մեջ, Իգնատիոս եղ ծախելու շահավետ առևտրով է պարապում, նորա արբանյակը շինականի վերջին եզնը առաջ ձգած դեպի Իգնատիոսի ագարակն է գնում։ Քաղաքական ժողովը Մեղուի քամակից ընկած, միջոց չունի այն արյունաշաղախ տեսարանների վերա մի րոպե յուր աչքը ձգելու, «ազգերնիս կհառաջադիմե կոր»։

Ազգի աղջիկները և կանայք կտառապին և կբռնաբարվին անօրինակ և անլուր ժպրհությամբ․ «ազգերնիս կհառաջադիմե կոր»․ մի քանի կին, մի քանի աղջիկ «կտառապին եղեր․․․ Ի՞նչ կըլլա եղեր․․․ Ասդին ալ մխիթարական տեսարանք պակա՞ս են մի․ Շողեր հանըմը, Դորոթիա տուտուն թուղթն ու թավլուն առջևնին առած իրենք զվարճանալնեն զատ, ուրիշներուն ալ դաս կուտան»․․․

Ազգային վարչության անդամքը այս զվարճալի «փետելու և փետվելու» տեսարանը թողած, հիմա՞ր են, որ ականջները բանան հայկական ընդաբույս մաքրասիրության և պարկեշտության սրտաշարժ բողոքները լսելու․ մանավանդ որ Իգնատիոսը նոցա խիղճը հանգստացրել է «բոլորը մեծցրած և սո՛ւտ բաներ են» գրելով։ «Աղգերնիս կհառաջադիմե՜ կոր»։

Այո՛, ասում է Մեղուն․ մշեցոց կարավանը հառաջ է գնում։

Այո՛, ասում է Մեղուն, թշվառության և հարստահարության երեսից ստիպվելով, գաղթական այրին հաց չունի յուր լացող որդեկին տալու և արագլին է երանի տալիս, որ նորա ձագերը կուշտ են․