Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչի՛ համար, յոթներորդ դարում, Սուրենա անապատ է կոչվում ս. Կաթողիկեի մոտի կրոնավորաց բնակարանը, բայց մեր այս անգիտությունը անվնաս է. կրոնավորների բնակարանը կարող էր նաև հինգերորդ գարում Սուրենա անապատ կոչված լիներ Այսօր էլ կան ս. էջմիածնի մեջ տեղեր, որ ունին իրենց հատուկ անունը։

Համառոտենք մեր խոսքը։ Փարպեցուն հանձնվել է նոր քաղաքի ս. Կաթողիկե եկեղեցին, իսկ նոր քաղաքը Վաղարշապատն է, և Վաղարշապատի ս. Կաթողիկե եկեղեցին, մեր այսօրվա ս. էջմիածինը, ուրեմն Ղազար Փարպեցուն հանձնվածը եղել է ամենայն Հայոց նախամեծար մայր եկեղեցին, նույն ինքը սուրբ Կաթողիկե էջմիածինը։

Այսպես բացահայտ լինելով այս բանը մեր պատմության մեջ, որ անտարակու՛յս անհայտ չէ՛ր և պ. էմինից, մենք զարմանում ենք այն ծանոթաբանության վրա, որ պատճառ դարձավ մեզ ակամա այսքան խոսելու. «կամ Վաղարշապատ իմանալ պարտ է և կամ զմերձակայն Նորք»։

§ 7. Բնագրում այսպես է ասած. «յիշելով զբանն Պօղոսի, զի յամենայն Ժամ աստուածասէրքն առանց խղճի մտաց կեցցեն». (եր. 37)։ Ո՛չ միայն Պավղոսի Թղթերում, այլ բովանդակ նոր կտակարանում չկան այս խոսքերը, միայն, Պավղոսը Փելիքս դատավորին այսպես է ասում. «յորում և ե՛ս իսկ ճգնիմ անխիղճ միտս ունել առ Աստուած և առ ամենայն մարդիկ յամենայն ժամ»։ Գործք առաք. գլ. ԻԴ. համ. 16։ Մեզ թվում է, թե Թղթի հառաջաբանը գրողը այս խոսքերն է, որ ուրիշ ձևով առաջ է բերում, պատճառ, բացի սոցանից և ոչ մի նման բան կա, հառաջաբանի հիշած վկայությանը։

§ 8. Այս Համազասպ Մամիկոնյանի ո՛վ լինելը մեզ չէ ասում պատմությունը, ուստի մենք չդիտենք և ընթերցողին էլ ասել չենք կարող:

§ 9. Փարպեցին ինքն է եղել առաջինը, որ երրորդ է կոչել իր Պատմությունը. առաջին համարելով Ագաթանգեղոսի և երկրորդ Փավստոս Բյուզանդացու դրածները։ Այս դասակարգությունը ուղիղ է եթե միայն վերաբերենք այդ աշխատությանը ժամանակին կամ նոցա բովանդակած անցքերի ժամանակին։ Իսկ թե կամենանք գործի արժանավորությամբ դասակարգել, նայելով նոցա վրա որպես պատմական աշխատությանց վրա, ապա ուրեմն, այս երեքի մեջ առաջինն է Ղազար Փարպեցին, որի պատմությունը ստույգ, անցքերի դասակարգությունքը պարզ, և ժամանակագրական հաջորդությունքը անշփոթ։ Արդարև, Փարպեցու պատմությունը շատ տեղ և մեծ մասով նմանություն ունի Տակիդոսի հոյակապ տարեգրությանը, թե իր անախտակիր ոգու, և թե ճարտարության