Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարում անունը հրատարակել. մենք Մեղուն չենք, որ ուրիշի գոածը բանանք) մինչև այն աստիճան տաքացել է, որ քաղկեդոնյան ժողովի գլուխը լաց լինելով միևնույն ժամանակ դարձել է և հույների փաստաբանը: Չենք նախանձում հույներին. պատճառ, այդ փաստաբանը արժեք չունի մեր աչքում, որովհետև նորա փաստաբանությունը չէ հիմնվում ճշմարտության վերա, այլ, կողմնակի, աղբերանում է դարձյալ բյուգանդական ճախինից, քաղկեդոնյան ժողովից։

Ձեռագիրների տպագրությունը պետք է որ լինի, քանի մի օրինակների համեմատությամբ. և բնավ ներելի չէ ընտրել կամ ուղիղ կարծել այն օրինակը, որ մանավանդ ձեռնտու էր տպողի բանին։ Եվ այս գործի զանազան օրինակների ճշմարտությունը պետք է ստուգել համեմատելով ուրիշ գրքերի հետ և մանավանդ այնպիսիների, որ կարող էին աղբյուր եղած լինել տպվելու գործի հեղինակին։

Վենետիկ տպված և վերը հիշված Վարդանի ժամանակագրության 86-երորդ երեսում կարդում ենք հետևյալը, «կամակցութեամբ Լևոնի որդւոյ Վասլի, որ թագավորեաց յետ հօր իւրոյ ամս քսան և վեց, այր առատ ի տուրս և ոչ նման Հոռոմի, զի նա որդի Հայի էր և յոյժ սիրէր զՀայս»։

Հոռոմ բառի տակ վերապատվելին ծանոթաբանում է։ «Հինն և նորք (այսինքն հին և նոր օրինակները այդ գրքի) յաւելուն, յայտ է որո՛վ ոգւով, որ ոչ կա ի լեզու նոցա առատ, և չշինին ինքեանք որպէս ասենն»:

Սորանից պարզ երևում է, թե Մխիթարյանը, հին և նոր օրինակների ասածը, ընդունում է որպես Վարդանից հետո մի կուսակցության ոգվով վարակված մարդու խարդավանություն։ Բայց ի՞նչ կպատասխանե արդյոք Մխիթարյանը եթե ասենք, որ տակավին 250 տարի Վարդանից հառաջ, երբ այդ Լևոնի խոսքն, է լինում, պատմությունը ասում է մեզ նույն այդ խոսքերը, որ սրատես Մխիթարյանը թշնամական հավելված է քարոզում։

Ամեն մարդ գիտե, որ Վարդան վարդապետը ապրեցավ 13-երորդ դարու կեսում, իսկ Ստեփաննոս Ասողիկը 11-երորդ դարու սկզբում։ Աղաչում ենք, որ ընթերցողը աշխատություն հանձն առնու և բանալով Փարիզ տպած Ստեփաննոս Ասողիկի 146-երրորդ երեսը, կարդա հետևյալը. «Վասիլ թագաւորեալ ամս 19՝ վախճանեցաւ. և թողու փոխանակ զորդի իւր զԼևոն, որ թագաւորեաց ամս 26. այր խաղաղարար և բարե- խորհ ամենայն երկրի, առատաձեռն ի տուրս և ի բաշխելն ոչ որպէս զՀոռոմ ռիշտ զի չէ սովորութիւն Հոռոմոց առատ լինիլ. և