Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որչափ որ մինչև այժմ մարդկային բանականությունը հառաջացուցել է Եվրոպիո մեջ։ Այս լոկ խոսք չէ, այլ ամենայն ուշադրության և ընդունելության արժանի։

Եվ վաճառելու կամ գրավ դնելու իրավունք չունենալը բնավ չէ կարող վշտացնել նորան, կամ հետ կացնել գործից, եթե կերպարանագործես նորան պայմանիդ խորհուրդը։ Եվ այսպես, դնենք թե խոսում ենք մի այդպիսի դժբախտ գործավորի կամ անհող երկրագործի հետ։

— Կգամ,— ասում է նա,— և զեն ի ձեռին, քեզ հետ, քո թշնամու ընդդեմ կպատերազմիմ...

— Եվ իմ հավասար իրավունք և արտոնություն կունենաս այն հողի վերա, որ պիտի ազատենք,— ընդհատում եմ ես նորա խոսքը։

— Բայց դու պայման դրեցիր, որ գրավ դնելու կամ վաճառելու իրավունք չպիտի ունենանք։

— Այո՛, մեր օգուտը պահանջում է այդ։

— Ի՛նչպես։

— Լսի՛ր. եթե կամենում ես գեղի մեջ բնակվիլ, ապա ուրեմն մյուս գեղացիների չափով կստանաս քո բնակության, առտնին պարտիզի, անասնոց գոմի և այլ կարևոր բաների հարկավոր եղածի չափ հողի քանակություն, որի վերա կշինես քո բնակությունը, վերասաց պարագաներով։ Իսկ թե քաղաքում կամենում ես բնակվիլ, նույնպես մյուս բոլոր քաղաքացիների չափով հող կստանաս տուն և բնակություն հաստատելու համար։ Եվ այս երկու դիպվածում, այսինքն, թե գեղում և թե քաղաքում, քեզ տրված հողը, որի վերա շինություն թե արել ես և թե ոչ, ազատ ես, կամեցածիդ պես, գրավ դնել, վաճառել, ընծայել, ի վերջո, դու նորա անպայման տերն ես, և դորա վերա խոսելիք չկա։ Իսկ խոսելիքը վերաբերվում է դաշտային հողին, ուր պիտի ընթանա երկրագործությունը։ Պիտի իմանաս, որ գեղի և քաղաքի յուրաքանչյուր անդամը, հավասար չափով, իրավունք պիտի ունենա մի որոշյալ քանակություն հողի մշակելու և գործելու։ Եվ այս իրավունքը պիտի տևե այնքան, որքան նա, կամ նորա սերունդը պիտի բնակվի այն հողի վերա։ Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գեղ պիտի ունենա յուր հատուկ հողը, որ պիտի սեփական մնա քաղաքի կամ գեղի հասարակության։ Քաղաքի կամ գեղի բնակիչքը հավասար իրավունքով ազատ են յուրյանց բաժինը գործել և մշակել, քանի որ գտնվում են այն գեղում կամ այն քաղաքում։ Եվ եթե դու, լինելով քաղաքացի, զբաղված լինելով վաճառականությամբ կամ այլ գործերով, չկամիս կամ ձեռնհաս չես քո բաժին ընկած հողը մշակելու, կամ մարդիկ վարձելով մշակել տալու, այդպիսի դիպվածում կարող