Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրության վրա մակագրեց ֆրանսերեն լեզվով. «Հույժ կարևոր, հարկավոր է, որ սրա մասին խոսեք Ներքին գործոց մինիստրի հետ»։

1857 թ. մայիսին Այվազովսկին Պոլսի վրայով ուղևորվեց Ռուսաստան: Նրան տեսակցություն շնորհեցին Ռուսաստանի արտաքին և ներքին գործոց մինիստրները: Արձակելով պաշտոնից Բեսարաբիայի և Նախիջևանի առաջնորդ Վեհապետյան Մատթեոս արքեպիսկոպոսին, ցարը, առանց կաթողիկոսի համաձայնության, Այվազովսկուն նշանակեց հիշյալ պաշտոնում: Այվազովսկու նշանակման ու առաջքաշման այս ձևը միանգամայն անհարիր էր «Պոլոժենիեյով» սահմանված եկեղեցական իրավունքին և մեծ շփոթմունք ու բողոք առաջացրեց հայկական բոլոր շրջաններում:

Բացի սրանից, Պետերբուրգում անհապաղ հաստատվեց Թեոդոսիայում բացվելիք դպրոցի ծրագիրը, որը ենթարկվելու էր ներքին գործոց մինիստրի իշխանությանը, առանց մտնելու կրթական այն հիմնարկների շարքը, որոնց վարչությունը նույն «Պոլոժենիեյի» ուժով հատկացվում էր լուսավորչական եկեղեցուն: Այվազովսկուն միաժամանակ իրավունք էր տրվում Թեոդոսիա փոխադրել «Մասյաց Աղավնին» և սրան զուգընթաց հրատարակել «Ծիածան Հայաստանի» և սրա ռուսերեն «Ռադուգա» պարբերականները, որոնց և՛ խմբագիրը, և՛ գրաքննիչը պիտի լիներ ինքը՝ Այվազովսկին: Այս թերթերը ևս ֆինանսավորվելու էին կառավարության կողմից: (Տե՛ս Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. I. Ե. 1955, էջ 254 — 58):

էջ 19, տ. 13. ...«Փառքի և պատվանշանի համար, թողունք նյութական կողոպուտը, ...կաթողիկոս թունավորող-եկեղեցական»— Ակնարկը վերաբերում է Սարգիս եպիսկոպոս Ջալալյանին»:

Ներսես Աշտարակեցու մահվանից հետո, 1857 թ. խոսակցություններ կային Սարգիս Ջալալյանի կաթողիկոսության թեկնածության վերաբերյալ: Ահա այդ հնարավոր երևույթը կասեցնելու նպատակով, նրա հակառակորդների կողմից լուրեր տարածվեցին Սարգիս Ջալալյանի դրդումով Ներսես Աշտարակեցուն թունավորելու մասին: Նալբանդյանը «Հիշատակարանում» նույնպես ակնարկել է Սարգիս եպիսկոպոս Ջալալյանի մեղսակցությունը Ներսեսին թունավորելու գործում. «Անչափ են դորա չարագործությունքը. մի խոսքով, այդ մարդը մի շարժական գահ է սատանայի և բոլոր դժոխքի զորության, նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արյունով» (Մ. Նալբանդյան, սույն հրատարակություն, Հ. III, էջ 43):

էջ 19, տ. 14. «...Եկեղեցի կողոպտող-եկեղեցական» — Ակնարկը վերաբերում է Գաբրիել Այվազովսկուն: Դեռևս իր «Նամակ առ հրատարակողը» հոդվածում («Հյուսիսափայլ», 1859, № 11) նա գրում է. «Առաջնորդը փոխվեցավ... վիճակային գործերի կառավարիչ գերապատիվ Այվազովսկի Գաբրիել վարդապետը գնաց Նախիջևան... ստացավ մագիստրատից 62.000 մանեթի մուրհակները և հրատարակեց պ. Խալիբյանցը պարտապանութենից ազատ:

Պ. Խալիբյանցը 62.000 մանեթի մուրհակներով ազատվելով մոտ 200.000 մանեթ պարտքից, տվեց գերապատիվ վարդապետին այլևս 50.000 մանեթ, բայց ո՛չ որպես պարտական վճար, այլ որպես պարգև ու ընծա Ֆեոդոսիայի մեջ դպրոց շինելու համար» (տե՛ս սույն հրատարակություն, Հ. II, էջ 331—332):

Իսկ իր 1862 թ. գրած «Արգո խմբագիր «Մեղու» հանդեսի» հոդվածում նա դարձյալ անդրադառնում է այս խնդրին, արդեն բացեիրաց տալով Այվազովսկու անունը և մեղադրելով նրան ոչ թե Խալիբյանից ստացած գումարը Խալիբյան դպրոցի պետքերի համար ծախսելու, այլ իր անձնական կարիքներին տրամադրելու համար. «Եկեղեցի կողոպտող մը, որ տերություն և ազգ խաբելով, ժողովրդյան մը քրտինքովը ժողոված