Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կարճ ժամանակ (ոստիկանության հսկողության ներքո), մինչև աքսորավայրի տեղը հայտնի դառնալը։

Օգտվելով դրանից, Նալբանդյանը 1885 թվականի հունիսի 2O-ին գրում է երկրորդ «Հայտարարությունը», որի մեջ նա ծանուցում է իր բաժանորդներին Հայաստանի քարտեզի տպագրության անիրականալիությունը և խնդրում գործակալների միջոցով ետ ստանալ իրենց բաժանորդագները: Այդ «Հայտարարությունը» հրապարակվել էր «Մեղու Հայաստանիի» մեջ, քանի որ այդ շրջանում «Հյուսիսափայլի» հրատարակումը արդեն դադարել էր:

Միքայել Նալբանդյանի կենսագրության մութ կետերից է արտասահմանյան ուղևորությունից հետո Պետերբուրգում անցկացրած ժամանակահատվածը, այդ պատճառով ամեն մի փաստ, տվյալ դեպքում Հայաստանի քարտեզի նախապատրաստական աշխատանքները, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում։ Հայաստանի քարտեզի տպագրությամբ, բացի գործնական նպատակներ հետապնդելուց, Նալբանդյանը ձգտում էր բարձրացնել հայ ժողովրդի ինքնագիտակցությունը և քաղաքացիական ակտիվությունը: Դիմելով՝ առ «սիրելի ազգակիցքը Ռուսիո մեջ», նա իր «Հայտարարության» մեջ ասում է. «Մոտենում է ժամանակը, երբ ազգը պիտի սթափեր յուր դարավոր թմրութենից և պիտի զգար յուր անցածը իմաստավորելու կարոտությունը... Մի՞թե մի բարոյական զորության շարժառիթը չէ՞ր նորոգությունը այն հիշատակների, որոնց հետ կապակից է եղած մեր անցած կյանքը: Մի՞թե հայը, քարտի վերա տեսանելով յուր աշխարհի տեղագրությունը, զգալու չէ՞ր մի հետաքրքրություն քննել և իմանալ այդ աշխարհի ճակատագիրը. նորա բնակիչքը, նորա անցած և ներկա վիճակը...» (բազմակետերը հեղինակինն են-խմբ.):

Հայաստանի քարտեզին նվիրված Նալբանդյանի հոդվածը շարունակում էր ազգի առաջընթացի գործում պատմության փորձի նշանակության վերաբերյալ նրա մտորումները «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ։ «Եթե մարդիկ,— ասում էր նա, — ազգ ասելով հասկանում են ինչ-որ քարացած մի բան, որի դարավոր փոշով ծածկված հիշատակների վերա բաբախում է նոցա կուրծքը», եթե «նոցա ազգության հասկացողությունը յուր սկիզբը առնում է անցածի խայտաճամուկ ավանդութեններից» և հիմնված է սոսկ անցյալի վրա և «չե հիմնվում ուղղակի ներկա սերունդի և ներկա պայմանների վերա... այն ժամանակ այդ ազգությունը կմնա միշտ իբրև մի ամուր գաղափար, որ հետ չի մնում բարոյական Չինաստանից»:

Պատմական փորձի վերլուծությունից հրապարակախոսը գալիս է այն եզրակացության, որ ազգը չի կարողանա դիմագրավել ճնշողների բռնությունն ու դեսպոտիզմը, եթե նրա համար «էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը», որ կազատի ժողովրդին «ստրկութենից և աղքատութենից», կարթնացնի նրա ստեղծագործական ուժերը և եռանդը։ Դրա համար պետք է, «որ ազգը մտածե յուր ապագան», որի դրոշի վրա «մարդը խոշոր տառերով գրել է հույս: «Ապագան ծածկված է լոկ կարճատես աչքերի համար, — ասում էր Նալբանդյանը։ — Ապագան ներկայի ժառանգն է, և եթե մարդը քննե ներկան, այն ժամանակ իսկույն կճեղքվի նորա առջև ապագայի կարծեցյալ վարագույրը»:

Նալբանդյանի այդ խոսքերը համահնչուն են Ա. Ի. Գերցենի մտքին. «Ավելի լրիվ գիտակցելով անցյալը, մենք պարզաբանում ենք ժամանակակիցը, ավելի խոր թափանցելով անցյալի իմաստի մեջ, մենք բացահայտում ենք ապագայի իմաստը» (А. И. Герцен, Собр. соч. в 30-ти томах, т. III, страница 24):

Այսպիսի մտորումներով էր Նալբանդյանը հայրենիք վերադառնում արտասահմանից