Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասպարեզում: Անտոնովիչի խոսքերով, այդ գործի մեջ «ավելի շուտ և հստակ կարելի է ըմբռնել Հեգելի փիլիսոփայության ընդհանուր ոգին և բնույթը, քան հեն իր, Հեգելի տրամաբանության և էսթետիկայի մեջ»։ «Հայմը,—շարունակում է նա, — չի պատկանում Հեգելի երկրպագուների և պաշտողների թվին, սակայն նրան ճիշտ չի լինի անվանել նաև Հեգելի անվերապահ նախատողներից մեկը: Նա վերաբերվում է Հեգելին և նրա համակարգին պատմականորեն, ինչպես մի երևույթի, որն ապրել է իր դարը և անցել պատմության ոլորտը, որի մասին և՛ կարելի է, և՛ պետք է դատել հանգիստ ու սառնասրտորեն... հենց այգ պատճառով էլ Հայմի ստեղծագործությունը հանդիսանում է ամենալավ մենագրությունը Հեգելի մասին» (М. А. Антонович, Избр. философ, произв., М., 1945, страница 96, 102):


Հայմի գրքի կոնսպեկտում Նալբանդյանը լիովին արտահայտել է իր վերաբերմունքը Հեգելի նկատմամբ, ցույց տվել նրա դերն ու տեղը փիլիսոփայության պատմության մեջ: Դեռևս 1860 թվականին իր «Հիշատակարանիս էջերում բացատրելով, թե ի՛նչ դպրոցի և ի՛նչ փիլիսոփայության հետևող է, Նալբանդյանը գրում է. «Առանց դատողության չեմ ընդունում ոչ Քանթը և ոչ Հեգելը, նախ, որ իմ մտածողությունքը և խորհելու ազատությունը չկամիմ երբեք ստրկացնելու այդ փիլիսոփաների իշխանությանը, առողջ փիլիսոփայության առաջին ընդդեմ գործ համարելով ազատության կորուստը. երկրորդ, փիլիսոփայությունը մի կենդանի շարժուն և համորեն մարդկության սեփական բան լինելով, ուսանում եմ ներկայումս, ազգերի ժամանակակից պատմություններից և երևույթներից»։ (Սույն հրատարակություն, հատոր III, էջ 194)։ Մոտեցման այս սկզբունքը գրված է նաև Նալբանդյանի «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության հիմքում։

Հայ փիլիսոփան հասկանում էր, որ Հեգելի փիլիսոփայությունը, ինչպես նաև անցյալի մտածողների փիլիսոփայական համակարգերը ապրել են իրենց դարը և այդ պատճառով չի կարելի դրանք ընդունել առանց քննադատության, դոգմատիկորեն։ «Փիլիսոփա պարոնները,— գրում է Նալբանդյանը, — իրենց համակարգությունքը հենց դրել են մեջտեղ, որպես մի հավատալիք, որպես դոգմա, մենք ոչ թե ձեռնոց ենք նետում իմաստության, այլ այն ձևին և դատապարտելու ենք նույն վարդապետությանը, որ երևում է որպես դոգմա»։ Չի կարելի ստրկորեն հետևել Կանտին, Ֆիխտեին, Բեկոնին կամ Հեգելին, որևէ շրջանի փիլիսոփայությունը չի կարող ճշմարտություն լինել բոլոր ժամանակների համար, որովհետև «ժամանակն առաջ է վազում, հասկացողությանց գումարը կերպարանափոխ է լինում»։ Փիլիսոփայությունը, որտեղ մեթոդը և համակարգը հանդես են գալիս ինչպես «անմերժելի և անբողոքելի», եթե նա անգամ քարոզում է ազատություն, «արդեն թշնամի է ազատության, արդեն խորտակում է իր փիլիսոփայությունը»։ Եվ Նալբանդյանը գալիս է ընդհանուր եզրակացության, որ «փիլիսոփայական համակարգությանց ժամանակները անցան» և «այժմ կրիտիկի ժամանակ է», իսկ «համակարգությանց կործանումը արդեն մի մեծ և հոյակապ համակարգություն է», այս նոր համակարգության տակ հասկանալով փիլիսոփայական մատերիալիզմը, որը, իր խոսքերով, դեռ «գլուխներ, պրակներ ու կատեգորիաներ չունի», այսինքն դեռևս գտնվում է իր սկզբնական զարգացման շրջանում։ Եվ այդ նոր փիլիսոփայության իմաստը կայանում է նրանում, որ ձգտում է թափանցել մարդկային կեցության ոլորտները։ «Բարվոքել մարդկային կյանքը — ահա՛ փիլիսոփայությունը», — եզրակացնում է Նալբանդյանը։

Նալբանգյանը որոշակի տեսնում էր Հեգելի փիլիսոփայական համակարգի երկակի բնույթը: Բացահայտելով Հեգելի սկզբունքների և եզրակացությունների միջև գոյություն ունեցող խոր հակասությունները, նա՝ որպես հեղափոխական դեմոկրատ, իր