Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում, նա սպասարկում է նրան իր բազմաձև գործունեության բոլոր ոլորտներում: Բավական չէ, շարունակում է Նալբանդյանը, որ Մխիթարյանները արվեստի կատեգորիան մեխանիկորեն փոխանցում են լեզվի կատեգորիային, նրանք գեղեցիկը մեկնաբանում են ինչպես մի բացարձակ, անփոփոխ հասկացություն: «Հայտնի է,— ասում է նա,—թե հին լեզվի գեղեցկության իրավունքը գեղեցկության և այս կատեգորիայով չե կարող հաղթել նոր լեզվի իրավունքին»:

Մխիթարյանների իդեալիստական հայացքների դեմ բանավիճելու ընթացքում Նալբանդյանը շարադրում է գեղեցիկի իր ըմբռնումը. «Գեղեցկության մոտավոր սահմանը, բնության մոտ լինելը կամ բնության նմանվելն է, ասացին, այստեղ բնությունը, ուրեմն, ստացավ չափի պաշտոնը...»: Արդեն նշվել է, որ վկայակոչելով «ասացին»-ը Նալբանդյանը ելնում էր Չեռնիշևսկու նշանավոր բանաձևումից՝ «Գեղեցիկը՝ կյանքն է» (տե՛ս Արսեն Տերտերյան, Նալբանդյանի էսթետիկան, «Գիտական աշխատություններ», Երևանի պետական համալսարան, հատոր I, 1939, էջ 104 —105)։

Հետագայում Աշոտ Հովհաննիսյանը ընդունելով, որ «Նալբանդյանը ոչ միայն ծանոթ էր Չեռնիշևսկու էսթետիկական հայացքներին, այլև հաճախ արձագանքում էր դրանց», միևնույն ժամանակ հնարավոր էր համարում, որ «ասացին» բառի տակ պետք չէ անպայմանորեն տեսնել մի որոշակի անհատի, այլ բոլոր այն գեղագետներին, որոնք այսպես կամ այնպես գեղեցիկի հասկացությունը կապել են բնության հետ: «Այս առումով,—շարունակում է Աշոտ Հովհաննիսյանը, — Նալբանդյանը կարող էր նկատի ունենալ ոչ միայն Չեռնիշևսկուն կամ Դոբրոլյուրովին, Գերցենին կամ Բելինսկուն, այլև էսթետիկայի ռեալիստական հոսանքի հին ու նոր ներկայացուցիչներին առհասարակ, որոնցից հիշեցեք Բուալոյի, Լեսսինգի, Դիդրոյի և ռուս գրական ռեալիզմի—նատուրալ դպրոցի—հանճարեղ հիմնադիրների ու տեսարանների անունները» (Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք 2, Ե., 1959, էջ 419 — 420):

Ընդունելով այս ճշտումը, համենայն դեպս, պետք է ընդգծել, որ Չեռնիշևսկու ուսմունքը գեղեցիկի մասին իրենից ներկայացնում էր մատերիալիստական գեղադիտության զարգացման մի նոր փուլ, որն իր մեջ էր կուտակել համաշխարհային և ռուսական գեղագիտական մտքի բոլոր նվաճումները (տե՛ս Г. Соловьвв, Эстетические воззрения Чернышевского и Добролюбова, М. 1974, страница 58 и сл.):

Եվ բնական է, որ Նալրանդյանը առաջին հերթին հենվում էր Չեռնիշևսկու վրա, որի անունը ուղղակիորեն տալ չէր կարող գրաքննչական նկատառումներով, ինչպես այդ չէր կարող անել և իր «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ, երբ մեջ էր բերում Չեռնիշևսկու «Համայնական հողատիրության դեմ եղած փիլիսոփայական նախապաշարմունքների քննադատություն» հոդվածը:

Ըստ Նալրանդյանի, գեղեցիկը օբյեկտիվ կերպով գոյություն ունի բնության մեջ, այսինքն՝ իրականության, կյանքի մեջ: Բնությունը հանդիսանում է գեղեցիկի չափանիշը, նրա բարձրակետը: Գեղեցիկը այն է, ինչ արտացոլում է բնության օբյեկտիվ գեղեցկությունը:

Իր գեղագիտության մեջ Նալբանդյանը ելնում էր իմացության էության մատերիալիստական պատկերացումներից, մերձենալով մարքսիստական արտացոլման տեսությանը, օբյեկտիվ իրականության բարդ, գիալեկտիկական իմացության հայտնաբերմանը:

Գեղեցիկի բանաձևի մեջ Նալբանդյանը «բնություն» ասելով հասկանում էր ամբողջ օբյեկտիվ աշխարհը, ներառյալ նաև մարդուն: Դիտելով մարդուն, որպես բնության մի մասնիկ, Նալբանդյանը, ինչպես և Չեռնիշևսկին, կանգնում էր մարդաբանության