Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանտարկյալի հիշյալ խնդրագիրը ուղարկում է III բաժանմունքի պես, իշխան Վ. Ա. Դոլգորուկովին, որը Սորոկինի զեկուցագրի վրա գնում է հետևյալ եզրակացությունը. «Ինչպե՞ս են վարվում Չեռնիշևակու ստեղծագործությունների հետ»: Այսինքն՝ առաջարկվում էր խիստ գրաքննչական ստուգում, որպիսին ենթարկվում էին Չեռնիշևսկու՝ բերդում գրած բոլոր գործերը, առանձնապես նրա «Ի՞նչ անել» վեպի «Սովրեմեննիկում» լույս ընծայվելուց հետո (1863)։ Հետաքրքրական է, որ Դ. Ի. Պիսարևի համանման խնդիրքին այդ նույն Դոլգորուկովը պատասխանել էր. «խուսափելու համար որպեսզի Պիսարևի հոդվածները չառաջացնեն այն հետևանքները, ինչ արեց Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպը, առաջարկում եմ Պիսարևին փոխադրել Պետրոպավլովյան բերդի Նևսկի կուրտինալի մենախցից Ալեքսեևյան ռավելին, և այն ժամանակ նրա հոգնածների լույսընծայումը, ինչպես և անտեղի այցելությունները կդադարեն» (А. Плоткин, Д Н. Писарев, М, 1962. стр. 25—27):

1864 թ. փետրվարի 11-ին Դոլգորուկովի հանձնարարությամբ բերդի պարետին հայտնվում է, որ Նալբանդյանին «կարող են թույլ տրվել գրական զբաղմունքներ, պայմանով միայն, որ նրա կազմելիք հոդվածները ներկայացվեն նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի III բաժանմունքը»: Երկու օր անց Նալբանդյանը անում է հետևյալ գրառումը «Բերդի հիշատակարանում». «13-ին հայտնեցին ինձ երրորդ բաժանման հրամանը իմ աշխատության մասին»,

«Հյուսիսափայլին» Նալբանդյանի աշխատակցելու թույլտվությունը շուտով հայտնի է դառնում բոլոր նրա բարեկամներին: Նրանցից մեկը այդ մասին նամակով հայտնում է Հ. Սվաճյանին, որը և տպագրում է այն «Մեղուում», 1864 թ. փետրվարի 29-ին: Նամակում ասված է. «Ինչպես միշտ, այնպես ալ հիմա, պ. Նալբանդյանը գործակից է «Հյուսիսափայլին» և անդ հոդվածները ամեն թիվի մեջեն այ չպիտի պակասին: Սակայն ասկե չպիտի հետևցնել, թե անի ազատված է հիմա, չէ, Բեդերսպուրկի մեջ, սուրբ Պետրոսի բերդը կգտնվի, բայց իրեն թողտվություն եղած է այժմ հրատարակության մասնակից ըլլար: Անշուշտ, իր գրվածքները Մոսկվա օրագրի խմբագրատունը հասնելեն առաջ քանի մը խիստ քննությանը ենթակա պիտի ըլլան»:

Բայց ուրախությունը վաղաժամ էր: 1864 թ. փետրվարի 20-ին Նալբանդյանը կատարում է հետևյալ գրառումը «Բերդի հիշատակարանում». «...Տվի գրվածքս քննության»: Խոսքը վերաբերում է «Սոս և Վարդիթերի» կրիտիկային»: Ստանալով Նալբանդյանի ձեռագիրը, բերդի պարետը հետևյալ օրը հարցում է հղում III բաժանմունք՝ նրա հետ վարվելու կերպի մասին: Ընդամին նա ավելացնում է. «...Թեկնածու Նալբանդյանը խնդրում է այդ հոդվածը, III բաժանմունքից վերադարձնելուց հետո, հանձնեք իր եղբայր Լազար Նալբանդովին»:

Սակայն Նալբանդյանի հոդվածի ճակատագիրը արդեն կանխորոշված էր: Բերդի պարետի զեկուցագրի վրա ինչ-որ մի ձեռք մակագրել էր 1864 թ. փետրվարի 24-ին: «Այս հոդվածը պետք է թողնեք III բաժանմունքի գործերում՝ մինչև Նալբանդովի դատավարության ավարտը»: Դրա կողքին մի այլ ձեռք գրել է. «Համաձայն եմ», 1864 թ. փետրվարի 28-ին Նալբանդյանը «Բերդի հիշատակարանում» կատարում է մի այլ գրառում. «Նամակ ստացա եղբորիցս, որով հայտնում է չեն թույլ տալիս ինձ բան տպել «Հյոլսիսափայլում» մինչև իմ գործի վճիռը»: Այդպես էլ մնաց Նալբանդյանի «Կրիտիկա «Սոս և Վարդիթեր» հոդվածը ցարական ոստիկանության թղթերում և հայտնաբերվեց Աշոտ Հովհաննիսյանի կողմից ու առաջին անգամ տպագրվեց մանրամասն և արժեքավոր ծանոթագրություններով 1935 թվականին (Մ. Նալբանդյան, Անտիպ