Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է արել դեռևս Բելինսկին իր «Ռուսական պատմվածքի և Գոգոլի պատմվածքների մասին» հոդվածում. «Այժմ մեր ամբողջ գրականությունը վեր է ածվել վեպի և պատմվածքի...»։ Այս երևույթի պատճառը նա տեսնում էր «ժամանակի ոգու, համընդհանուր և, կարելի է ասել, համաշխարհային ուղղության մեջ» (В. Г. Белинский, Полн. собр. соч., T. I, стр. 261): Համարյա թե Նալբանդյանի հետ միաժամանակ Պիսարևը իր «Ռեալիստներ» (1864) հոդվածում նշում էր գրականության մեջ վեպի կամ, ինչպես՛ ինքն էր ասում, «քաղաքացիական էպոսի» «վճռական գերազանցությունը» (Д, И. Писарев, Избранные произведения. Л., 1968, стр. 335—336):

Այդ «համաշխարհային ուղղությունը» մուտք էր գործում նաև հայ գրականություն, որի վրա և ուշադրություն է դարձնում Նալբանդյանը:

Իր «Կրիտիկայում» նա կանգ է առնում երեք վեպերի վրա' Պերճ Պռոշյանի «Սոս և՛ Վարդիթեր», Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր-Սարգիս» և արևմտահայ հրապարակախոս ու պատմաբան Հովսեփ Վարդանյանի «Ագապի»։ Բնութագրելով այս ստեղծագործությունները, քննադատը ընդգծում է նրանց մերկացնող պաթոսը, հատկապես առանձնացնելով «Հյուսիսափայլում» տպագրված և գրաքննության արգելքի հետևանքով կիսատ մնացած Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր-Սարգիս» վեպը։ «Մեր կարծիքով,— գրում էր Նալբանդյանը, — այղ գործին ավելի պատշաճ է «Քաղցկեղ Հայաստանի» անուն ունենալ, քան թե կապվել մի պարեգոտավորի անունի հետ, որ շատ կարելի է թե անհաջողության էլ պատճառ դարձավ: Եթե երբ և լինի այդ կիսատ մնացած գործը ավարտվի, միևնույն հոգով և հմտությամբ շարունակելով, այն ժամանակ մեր նոր դպրության մեջ այդ գործը այն տեղը կունենա, ինչ տեղ ռուս դպրության մեջ ստացել է «Մեռած անձինքը»։ Թող կանխիկ ընդունի մեր սրտանց շնորհակալաթյունը հայկական Գոգըլը, որին մաղթում ենք մի փայլուն գալոցք»։

«Տեր-Սարգիս» վեպը համեմատելով Գոգուի «Մեռած հոգիների» հետ, Նալբանդյանը դրանով արդեն առաջ էր քաշում մի շատ կարևոր միտք այն մասին, որ հայ գրականությունը պիտի ընթանա «Գոգոլյան ուղղության», այսինքն՝ քննադատական ռեալիզմի ճանապարհով։ Նալբանդյանի կյանքը և գործունեությունը համընկավ ռուս գրականության այն շրջանի հետ, երբ այնտեղ հաստատվում էր քննադատական ռեալիզմը։ «Գոգոլյան Դպրոցի» կամ «նատուրալ դպրոցի» գեղագիտական հիմունքները մշակվել էին Բելինսկու կողմից, որը այդ հասկացությունն օգտագործում էր նաև լայն առումով՝ քննադատական ռեալիզմի իմաստով։ Բելինսկու դրույթները հետագայում զարգացնում է Չեռնիշևսկին՝ «Սովրեմեննիկում» տպագրված «Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր» հոդվածաշարում (1855—1856), որին Նալբանդյանն, անտարակույս, ծանոթ էր, Գոգոլի անվան հետ Չեռնիշևսկին կապում էր քննադատական ռեալիզմի սկզբնավորումը ռուս գրականության մեջ, Նալբանդյանը խորապես ընկալում և ըմբռնում էթ ժամանակի ոգին։ «Հեգելը և նորա ժամանակը» (1863) աշխատության մեջ նա հայտարարում էր, որ «այժմ կրիտիկի ժամանակ է», այդ հասկացության մեջ դնելով լայն ըմբռնում, Չեռնիշևսկու խոսքերով ասած, «ընդհանրապես կյանքի երևույթների մասին դատողություններ», որոնք ներծծված են «բանականության և ազնիվ զգացումի չափի հետ համապատասխանող կամ չհամապատասխանող գիտակցությամբ» (Н. Г. Чернышевский. Поли. собр. соч., т III. стр. 18):

Իրականության նկատմամբ նման վերաբերմունքը Նալբանդյանը, սահմանում էր որպես «սկեպտիկյան ուղղություն», որը համհավասար էր «քննադատական