Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել առաջին տպագրությունը։

«Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» հոդվածի առաջին տարբերակը գտնվելիս է եղել Միքայել Նալբանդյանի մոտ։ Նրա մահվանից հետո այն անցել է ձեռքից ձեռք ե վերջապես ազգականներից մեկի կողմից լույս է ընծայվել միայն նրա պահպանված պատառիկը։ Իսկ ինչ վերաբերում է վերջնական տարբերակին, ապա այն ուղարկվել էր III բաժանմունք, որտեղ և մնացել էր Նալբանդյանի քննչական թղթերում։

Ինչպես ճիշտ նկատել է Աշոտ Հովհաննիսյանը. «Սոս և Վարդիթերին» նվիրված Նալբանդյանի հոդվածի առաջին տարբերակը գրված է նրա «Աշխարհաբարի քերականություն» աշխատության կապակցությամբ, երբ նա լուրջ կերպով զբաղված էր լեզվաբանական հարցերով և նրան հետաքրքրում էին տեղական բարբառներով դրված դրական ստեղծագործությունները (տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկիր. Ե,-Մ., 1935, էջ 633 — 634)։

1863 թ. ապրիլի 8-ին եղբորը գրած նամակում Նալբանդյանը հայտնում է, որ մտադիր է գրել «մեր լեզվի արմատական բարեփոխության մի փորձ» վերնագրով աշխատություն, իսկ ապրիլի 12-ին գրած նամակում խնդրում է իրեն ուղարկել Գ. Ախվերդյանի հրատարակած Սայաթ-Նովայի երգարանը, ինչպես նաև Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և Պ. Պռոշյանի «Սոս և Վարդիթերը» (տե՜ս Մ. Նալբանդյան, ԵԷԺ, Հ․ IV, էջ 189—190, 194)։ Հենց այս երկու վեպերն էլ հիմնական նյութ են ծառայել Նալբանդյանի լեզվաբանական դատողությունների համար՝ նրա հողվածի առաջին տարբերակում։

Դատելով մեզ հասած պատառիկից․ «Կրիտիկա «Սոս և Վարդիթեր»-ի առաջին տարբերակը գրվել է հիշյալ քերականական աշխատության հետ միաժամանակ։ Անդրադառնալով «Նոր լեզվի համազգային միության» հարցերին, Նալբանդյանը նշում է. «Մենք շատ փաստեր հավաքած ենք այս դրությունը պաշտպանելու համար, բայց այստեղ (այսինքն՝ այդ հոդվածում—խումբ.) անհարմար է ասպարեզ բանալ․ ուրիշ ժամանակ մի առանձին գործով կհրատարակենք մեր տեսությունը նոր լեզվի մշակության մասին, եթե միայն աջողվի մեզ կատարելագործել այդ ձեռքկապ աշխատությունը»։ Աշխատանքի ընթացքում Նալբանդյանր, ամենայն հավանականությամբ, ինքը ևս զգացել է, որ Պ. Պռոշյանի վեպին նվիրված հոդվածը ստանում է հիմնականում լեզվաբանական թեքում։ Այսպես, խոսելով «նոր լեզվի մեջ վեց հոլովմունքի մասին», նա տալիս է հետևյալ ծանոթությունը. «Այս բոլոր հոլովմունքը մանրամասն և իրենց խոտորմունքներով և բացատրություններով ավանդելը քերականության գործն է և մեր ներկա քննության մեջ տեղ չունի, ապա թե ոչ մեր հատվածը բնավ չի վերջանալ». Միևնույն ժամանակ Նալբանդյանը զգում էր, որ «Սոս և Վարդիթեր» վեպը, ինչպես հայ նոր գրականության և գեղագիտության մի նոր երևույթ, պահանջում է առանձին խոսակցություն։

Հենց այդ իսկ պատճառով նա նորից է գրի առնում իր հոդվածը, իսկ առաջին տարբերակը թողնում ինչպես նյութ իր տեսական, լեզվաբանական աշխատության համար։

Վերջնական տարբերակում Նալբանդյանը թողնում է Պռոշյանի լեզվի ու ոճի հարցերին նվիրված որոշ հատվածներ, բայց դրանք ենթարկված են «Սոս և Վարդիթեր» վեպը, որպես ամբողջական գեղարվեստական երևույթ տեսնելու խնդրին և դուրս չեն գալիս սովորական քննադատական հոդվածի սահմաններից։

Այսպիսով, «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» հոդվածի պատառիկը պետք է դիտեք ինչպես լեզվաբանական աշխատություն Նալբանդյանի նմանօրինակ աշխատությունների