Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին

(էջ 273)

Պահպանվել է մեկ սևագիր ինքնագիր՝ ԵՉԳԱԹ, Նալբանդյանի ֆ., № 11-I: Գրվել 1863 թ. հոկտեմբերի 1-10-ը ընկած ժամանակահատվածում։ Առաջին անգամ ապագրվել է «Հանդես գրականական և պատմական» (1889, գիր, 2, էջ 260 — 271 )։ Այնուհետև մտել է ակադեմիական հրատարակության II հատորը (1947)։ Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը։

Հայ գրականության և հասարակական մտքի զարգացման գործում Նալբանդյանը նշանակալից տեղ էր հատկացնում ամսագրերին։ Նա երազում էր հանրագիտարանային բնույթի ամսագրի ստեղծման մասին, որը կարողանար սերտորեն միմյանց կապեր գրականությունն ու գիտությունը, լայն հունի մեջ դնել հայ հասարակական միտքը։ Այս իմաստով փայլուն օրինակ էր ռուսական առաջավոր ժուռնալիստիկայի փորձը, հանձինս «Սովրեմեննիկ», «Օտեչեստվեննիյե զապիսկի», «Ռուսկոյե սլովո» հանդեսների։

Հայ իրականության մեջ այդպիսի պահանջներին ինչ-որ չափով համապատասխանում էր «Հյուսիսափայլը»։ Եվ չնայած Նալբանդյանը լիովին չէր բաժանում նրա խմբագրի հայացքները, այնուամենայնիվ պաշտպանում էր ամսագրի ուղղությունը, ձգտելով ավելի ու ավելի ընդլայնել նրա ընդգրկումները, հաղորդակից դարձնել նոր ժամանակի ոգուն ու պահանջներին։

«Երկու խոսք» հոդվածում, որը գրված է «Հյուսիսափայլի» հակառակորդների հետ տարվող բանավեճի ձևով, Նալբանդյանը հրապարակախոսական կրքով և համոզվածությամբ հերքում է բոլոր այն մեղադրանքները, որը հայկական հետադիմական մամուլը ներկայացնում էր ամսագրին, շեշտելով այն հսկայական դերը, որ ունեցել էր այկ ամսագիրը հայ գրականության և առաջավոր հասարակական մտքի զարգացման, հայ նոր գրական լեզվի ձևավորման գործում, «...«Հյուսիսափայլի» նորախոսությունը,—գրում է նա, —ոչ միայն չէր կորած հավիտենական անդունդի մեջ, այլ նաև ազդեցություն էր անում մինչև անգամ այն մարդոց լեզվի վերա, որ գրիչ էին առնում միմիայն մեզ հայհոյելու»։

Միաժամանակ Նալբանդյանը բանավիճում է Ստ. Նազարյանի հետ, որը տեղի տալով հայ լեզվի «մաքրության պահպանիչների» ճնշումներին, փորձում էր ամսագրի համար կիրառել լեզվական նոր «ռեֆորմ». «...Հյուսիսափայլի» 1862-ի նոր համակարգությունը (նոր ասում ենք տարբերելու համար 1858 — 1861 թվականների հրատարակվածից) գլխավորապես պատերազմում է նոր լեզվի այն ոճերի և ձևերի հետ, որ ընդհանրապես նայվում են որպես տաճիկ լեզվի ազդեցություն...

Այդ տրամաբանության ընդդեմ անկարելի է ուղղակի պատերազմ հայտնել, մեռած կենդանու մորթը առողջ կենդանու վրա չէ կպչում, չորացած ծառի ճյուղը կենդանի և թարմ ծառի վրա չի ծաղկում, կենդանի մարդը մեռելու հետ չեն պատանքում․ ամենը ունի իր իրավունքը և սուրբ է»։

Լեզուների հարաբերությունների վերաբերյալ Նալբանդյանի դատողություններում որոշակի են երևում ոչ միայն նրա մատերիալիստական ըմբռնումները, այլև դեմոկրատական աշխարհայացքը։ Հայերեն և թուրքերեն լեզուների ձևաբանական համակարգի հարցում եղած վեճերին անդրադառնալիս Նալբանդյանը ընդունում է լեզուների հավասարությունը