Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կապելով այս կամ այն լեզվի զարգացման աստիճանը ոչ թե ռասայական թեորեաների, այլ տվյալ ժողովրդի կյանքի կոնկրետ պատմական պայմանների հետ։

Բնութագրելով «Հյուսիսափայլի» գործունեությունը, Մ. Նալբանդյանը ամենակարևոր և ժամանակի պահանջներին համապատասխանող հարցը համարում էր այն որ ամսագիրը իր էջերում դնում և լուծում էր մի շարք հասարակական խնդիրներ։ Նրա համար ամսագիրը հասարակական կյանքը կազմավորող և ուղղություն տվող միջոց է։ Բելինսկու խոսքերով ասած՝ «ամսագրային աշխարհը» դա նույն «քաղաքական աշխարհն էր» փոքրացած ձևով։

Առարկելով բոլոր նրանց, ովքեր մեղադրում էին «Հյուսիսափայլին» թարգմանական գրականությանը մեծ տեղ հատկացնելու համար, Նալբանդյանը նշավակում էր ազգային սահմանափակության դրսևորումները, ապացուցում ազգային մշակույթների հարստացման գործում թարգմանությունների ունեցած էական դերը։ «Մենք հավատացած ենք,— ասում է նա, — որ ընտիր մի գրվածք, ազատ հայեցվածներով, ընտիր ճաշակով, գեղեցիկ բարոյականությամբ, ինչ լեզվից և թարգմանված լինի, այնուամենայնիվ մեծ և մեծ խորհուրդ ունի նորոգելու և կենդանացնելու թե՛ ճաշակը, թե՛ քաղաքական կամ ընկերական հարակցությունքը մի ազգի...»։

Նալբանդյանը առանձին ուշադրություն էր դարձնում գեղարվեստական արձակի թարգմանությանը, համաշխարհային գեղարվեստական փորձի մեջ որոնելով ինքնուրույն ազգային գրականության ստեղծման և գրական վարպետության յուրացման նախադրյալներ։ «Ծեր կարծիքը և սրտի հարազատ վկայությունը այսպես է, — գրում է Նալբանդյանը,—թե մի օրագիր երևելով մեր ազգի մեջ, պարտական է ոչ թե ձախ ու ծուռ թարգմանությանց դարերով հետ մնացած գաղափարք և խավար ֆանատիկոսության տալ նորան, այլ մշակել նորա լեզուն, գնալ ժամանակի հետ, փարատել կույր և մարդատյաց ֆանատիկոսության խավարը և դորա տեղ քարոզել սեր, խղճի ազատություն, մարդկային բանական արժանավորություն»։

Այստեղ ևս Նալբանդյանը հանդես է գալիս որպես բարձր գաղափարային գրականության ջատագով, որը կոչված է ծառայելու ժողովրդների շահերին։

Էջ 273, տ. 25. «Այս մասին, եթե ոչ գրով, գոնե բերանացի շատ լսած ենք բացասական կարծիքներ, այսինքն թե ինչպես չպիտի լիներ․ ստույգ է, որ շատ պարոններ ուրիշ օրագիրները իրենց բացասական դատապարտության տակ ձգելուց հետո, երբ իրենք սկսեցին հրապարակել սեփական օրագիրը...» — Ակնարկը վերաբերում է Ռափայել և Քերովբե Պատկանյաններին, որոնք 1863 թ. սեպտեմբերից Պետերբուրգում սկսեցին հրատարակել «Հյուսիս» շաբաթաթերթը։

Նալբանդյանի սույն հոդվածը գրելու շարժառիթը հանդիսացել է «Հյուսիսի» հրատարակությունը, ինչպես նաև շաբաթաթերթի № № 1—3-ում տպագրված Քերովբե Պատկանյանի «Մի քանի խոսք լրագիր հրատարակելու մասին» հոդվածը։ Անգամ Նալբանդյանի հոդվածի վերնագիրը («Երկու խոսք թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին») թելադրված էր Ք. Պատկանյանի հոդվածի վերնագրիր և ըստ էության պատասխան էր այդ հոդվածին։ Հայտնի է, թե վերջին տարիներին Նալբանդյանն ինչպիսի քննադատական վերաբերմունք ուներ Քերովբե Պատկանյանի նկատմամբ։ Բանտից եղբորը գրած 1863 թ. փետրվարի 14-ի նամակում նա խիստ քննադատում է Ա. Ա. Կրաևսկու և Պ. Լ. Լավրովսկու խմբագրությամբ լույս տեսնող «Ռուս գիտնականների և գրողների կազմած հանրագիտարանային բառարան»-ի համար