Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերա, թե ընկերության մեջ մեծ անկարգ բան է մի այդպիսի կոշա վարեցողություն և այլն։

Այսպիսի պատկերներ ստեղծագործելով ուղեղի մեջ, խմում էր պ. Մարկոսը յուր թեյը, երբեմն.երբեմն արձակելով բերանից թաբակի թանձր ծուխը օղերի նման դուրս փչելով։ Նա ուրախանում էր մանավանդ մտածելով, եթե բոլոր արաղը և գինիքը խմվելուց հետո, մի քանի մարդ և ինքը մնան զգաստ, առանց արբենալու, այն ժամանակ ի՜նչպես բարձր խոսելով գինի պահանջելու էր պ. Շաքրյանցից, սորա ժլատությունը խայտառակելու մտքով։ Այսպես էր նորա հոգու տրամադրությունը նամակը կարդալուց հետո։ Երբ ավարտել էր թեյ խմելը, վեր առավ վերարկուն, գլխարկը և ջոխին և դարս դնաց յուր տանից։

Կարդացողը այս գործի, կարելի է, կարծե, թե պ. Մարկոսը մի անսովոր արբեցող մարդ է. քա′վ լիցի. այդ զրպարտություն կլիներ։ Պ. Մարկոսը, ճշմարի′տ է, խմում է, բայց ինչպես ուրիշները, ինչպես մի բարի հայ քրիստոնյա։ Նորա շատ խմելու վերա երևակայելը և երազելը պ. Շաքարյանցի ժլատ հոգացողության վերա նեղանալը, շատ սովորական բան է։ Երիտասարդ մարդը, որքան շատ խմե, այնքան շատ պատվելի է Նա, այնքան փառք ու պարծանք է նորա համար։ Շատ ժամանակ չէ, ես պատահեցա Կունցով[1] ագարակում մի քանի հայ երիտասարդների,որ ման էին գայիս մի ռուսի հետ, որ դժվարությամբ կանգնում էր ոտքի վերա և որի լեզուն, համարյա թե փայտանալով, հազիվ հազ շարժվում էր բերանի մեջ. հայ երիտասարդներից մինը, պ. Ծ...վը ասաց մեզ հայերեն.— Տեսանո՞ւմ եք, ի՜նչ օրն ենք ձդել սորան, այսինքն թե ի՜նչպես արբեցած է։

Խոսքս այն բանի վերա է, թե պ. Մարկոսի համար մի պակասություն չէ, եթե նա մտածում է շատ խմելու վերա, և ո′չ այսչափ միայն,այլև պարտական է մտածել և աշխատել, որ օրե օր ավելի կարողանա խմել, որովհետև մեր հայ երիտասարդներից շատերը խմելով չափում են յուրյանց քաջությունը։ Սորանից մի քանի տարի հառաջ, պատահեցա մի հայ երիտասարդի... քաղաքում, որ իրավամբ ստացավ Բեքրի-Մուստաֆա պատվանունը հասարակաց վկայությամբ, այդ պարոնը, մի օր մի լավ երկրպագություն և ուխտ կատարած լինելով Բաքոսի տաճարում,հանդիպեցավ ինձ և մեղադրանք լսելով ինձանից յուր արբեցության մասին, այսպես խոսեց.

  1. Կունցով (Կունցովո) - Մոսկվայի մարզի գյուղերից մեկը, որտեղ գտնվում են պատմական շատ հուշարձաններ: (Այս և հաջորդ համարակալված ծանոթագրությունները վերցված են Մ. Նալբանդյանի 1945 թ. Երկերի լիակատար ժողովածուից)։