Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր պարոնը, մանավանդ խաժամուժ ամբոխի աչքերը ներկելու համար, ազգասիրության էր ցույց տալիս այնպիսի տեղերում և դիպվածներում, ուր հարկ չկա յուր ցանկությունը իսկույն գործով ապացուցանելու։ Ի՛նչ մի դժվար բան է խոսքերով միայն լինել ազգասեր և այսպիսի ամուլ շատախոսությամբ, առանց ամենայն զոհաբերության, տոնացուցի մեջ գրվելու արժանի համարվիլ... Մեր մեջ, ինչ ասես կարելի է Պ. Հովնաթանյանցը խոսում էր դպրոցների վերա և բերան սերտած բառերով հաստատում էր նոցա օգուտը, առանց ամենևին գաղափար ունենալու, թե ի՛նչ ասել է դպրոց, և թե ինչպես պիտի լիներ նա, որ լցուցաներ յուր խորհուրդը։ Պարոնը կլիներ այսպես մոտ հիսուն տարեկան, միջահասակ, հաստափոր և ճաղատ ճակատով. նորա հոնքերի և ընչանցքների սևությունը մանավանդ ավելի որոշակի հայտնի էր լինում նկատողին, որքան անասնական անհոգութենից ուռած թշերը կարմրում էին նորա անխորհուրդ երեսի վերա:

Եթե ինձանից հարցանեին, թե ո՛ր բանից մանավանդ զզվում եմ աշխարհի երեսին, ապա պատասխանելու էի, թե մի երեսից, որ ոչինչ մարդկային բան չէր ցույց տալիս։ Երեսը արդարև հոգու պատկեր է. հոգու ամեն մի շարժվածքը ջլերի անբացատրելի միջնորդությամբ երեվում են երեսի գծերի վերա։ Եվ երեսը, որ ոչինչ էր ցույց տալիս, վկայում է ոչնչությունը հոգու, որ նստած էր մի կազմվածքի մեջ։ Ես գերադասում եմ չքությունը, քան թե լինելությունը, եթե մարդը պիտո է լիներ ու ապրեր որպես մի լոկ բուսական կամ շնչական արարած։ Ես անգութ չեմ դեպի որևիցե արարած, բայց դորա փոխանակ հարգում եմ նորանց յուրյանց տեղում. մարդկային պատկերի տակ անասնությո՞ւն... կղկղա՛նք մարդկության։

Բայց պ. Հովնաթանյանցի համար այսպիսի մտածությունք երազի նյութ ևս չէին, մինչ ամբողջ գիշերը թավալվում էր յուր անկողնի մեջ խռխռալով։ Նա քնած ժամանակ ևս մտածում էր շահաստացության վերա. առավոտը զարթնում էր և նորա կիսաբաց աչքերին երևում էին ոսկեղեն սարեր։ Նա հաց էր ուտում առանց մոռանալու ճիշտ մաթեմատիկական հաշիվը, թե այն օրվա ճաշի համար ծախսված արծաթից. ո՛րքան բաժին հասանում էր այն վերջին, ամենափոքրիկ հացի փշրանքին, որի տասը կտորը միասին կարող էր տանել մի մրջյուն դեպի յուր բույնը։

Նա ստացել էր քարյա, երկու հարկով բավական ընդարձակ տուն, և այս տան գլխավոր արժանավորությունը էր այն, որ միևնույն ժամանակ պատկանում էր երկու փողոցի. նորա պատուհանքը նայում էին դեպի արևելք և արևմուտք։ Թո՛ղ որքան կամին զրպարտեն պ.Հովնաթանյանցին, որպես թե նա հոգաբարձու չէր յուր ընտանիքի երջանկությանը.