Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորությամբ մերժում ենք եկեղեցականների այդ մտացածին արդյունքը և խնդրում ենք գործ ցուցանել մեզ։

Ի՞նչով պահեցին ազգը, դպրոցներո՞վ, մատենագրությա՞մբ, քարոզությամբ, ընկերություններո՞վ, ո՞ւր են ապա այդ բաները, ուրեմն ի՞նչով... և վերստին, ի՞նչով։

Այս բոլորի հակառակը ապացուցելու համար փաստերը մեր ձեռքում կանգնած ենք և այսուհետև հայի պարտականությունն է անխնա հանդիպել հոգևորներին, որովհետև հետախաղացության և ռեակցիոյի անպարծանք դրոշները նոցա գլխի վերա են փողփողում մասնավորապես:

Մեր դրոշը հայտնի է արդեն...

Եթե հայոց ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մահմեդականության. սա բացասաբար պահպաներ հայերի կրոնը։ Ազգը որչափ ևս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս և ավելի մեծ մասը, ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմեդականութենից, պահեց յուր կրոնը, հետևաբար և ազգությունը։

Թո՛ղ հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկանար որևէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք... բայց ի՞նչպես պիտի տեսանեինք. վասնզի մեք ևս ծնելու չէինք որպես հայ։

Անի քաղաքի կործանվելուց հետո հայերը Լեհաստան գաղթեցին ահագին բազմությամբ. եթե նոցանից մի մասը փրկվեցավ և այսօր հայության անունը կրում է յուր ճակատի վերա, շնորհակալություն Ղրիմի թաթարներին։ Իսկ մյուս և ավելի մեծ մասը, որ մնաց Լեհաստանում, ո՛ւր է, յուրյան եպիսկոպոսներով և քահանաներով։ Լեհաստանի մեջ մեր ճանապարհորդության միջոցին (1859) շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի, հայկական եկեղեցիք, իսկ հայ և ո՛չ մի հատ, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին։

Հոգևորականությունը յուր տղայական խնդիրներով, եզվիտների ձեռքում գործիք դառնալով, ճղակտոր հանեց ազգը, անդարձ կորուց նորան, հետևաբար և ամենայն արդարությամբ ինքը ևս կորավ ու չքացավ Լեհաստանից։

Եթե հոգևորք ընդունակ էին ազգը պահելու, ի՞նչու չպահեցին այս գաղթականությունը Եվրոպայի մեջ, ուր ավելի հնար կար լուսավորության։ Ո՞վ հանեց այն ազգակործան կռիվները, Մեղո՞ւն, Մյունատի՞ն, Նալբանդյա՞նցը։ Մովսես, Մելիքսեթ և Եղիազար կաթողիկոսների կամ