Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթերցող, թե երևում էր նրա կուրծքը, քա՛վ լիցի, և յուրյանց ձեռքով մանած ու գործել տված բեհեզյա շապիկը ևս տեսանելու չէիր, եթե պատահեիր այնտեղ. պատճառ, կապայի տակից ծածկում են կուրծքերը մի կերպասյա թաշկինակով, և կապան հագնելով վերայից, նորա կուրծքի սեգմենտը ցույց կտա քեզ այն շատ անգամ թուխ գունով թաշկինակը, որ իսկ և իսկ կոկորդի տակումը կոճակվում էր մի հատուկ այս գործի համար շինած կոճակով. այսպես կոճակած էր և Թյությունճի-Օղլուի կինը, որի կոճակի վերա մեջտեղումը երևում էր մի մաշված զմրուխտ չորս կողմը զարդարած մանր հակինթներով (յաղութ)։ Գլխի մազը շատ խնամքով երեք բաժանած և մի գես հյուսած ընկած էր թիկնամիջումը ողնաշարի վերա. մեջքը կապած մի գոտի, որ ժամարար քահանայքը գործ են ածում։

Մեք փոքր ինչ մանրամասն նկարագրեցինք այս կնկա հագուստը և ձևը այն պատճառով, որ շատ անգամ մի տպավորություն, որ այսպիսի պատկեր տեսանելը գործում է մեր վերա, հասկացնում է մեզ այն մարդու բնավորությունը, որ միշտ յուր արտաքին ձևը վարում է յուր որպիսության հետ զուգահեռաբար։

Այս միջոցին, որի մասին խոսում ենք այստեղ, տիկին Թյությունճի–Օղլուն աղախնի հետ միասին իջած էր տան գետնատունը, տնտեսական գործով ապուխտ և երշիկ պատրաստելու համար.— հինանց պաշար.— որ Նախիջևանի սովորութենով մեծ տնտեսություն է, տարեկան կառավարության մեջ։

Ուրեմն տանը ոչ ոք չկար բացի Մանուշակից, որ միայն մնացած նստել էր պատուհանի տակ և կարում էր յուր կարը։

Տան լռությունը ընդհատվում էր գեթ ճպուռի ձայնովը, որ մի անկյունում կատարում էր յուր երգեցողության վերջին հանդեսներից մինը. պատճառ, ձմեռը շուտով փակելու էր ահա նորա բերանը մինչև մարտ ամիսը: Այս տխուր, լուռ ու մունջ բնակարանի մեջ մանավանդ զգալի էր Մանուշակի գեղեցկությունը. նորա գլուխը ծածկած էր գեղեցիկ թավիշյա ֆեսով, որի շրջանակը կարած էր չերքեզի ոսկեթել ժապավենով, և որի վերա ձախ կողմումը տատանում էր գեղեցիկ ոսկեթել փունջը ամեն մի ասեղ կոխելու և հանելու ժամանակ։ Շագանակագույն մազերը ճակատի վերայից բաժանած և ականջի վերայով ետ տարած ու մի գես հյուսած, ինչպես մոր գեսը, մի նկարչական ստվեր էր ձգում նորա թարմ վարգա-շուշանագույն երեսի վերա, նորա խարտյաշ աչքերը թեպետ և ուղղեցած էին դեպի յուր կարը, այսուամենայնիվ փայլում էին խիտ և երկայն թերթերուկների միջից։

Սորա կապան նման չէր Թյությունճի-Օղլու տիկինի կապային, այլ