Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարած նոր եվրոպական ձևով, իրանը գեղեցիկ քաշած, այնպես, որ մեջքի տրամագիծը հազիվ թե լինում էր տասն բթաչափ, կուրծքի սեգմենտից երևում էին սպիտակ մարմարիոնյա գունդերի վերին կիսաբաժինքը, և լավ ուշ դնողի համար կարելի էր նկատել, որ նորա կուսական սիրտը զարկում էր մի րոպեում ո՛չ առավել, քան թե ութսունհինգ անգամ։

Վիզը կապած էր մի նեղ թավիշյա սև ժապավեն, որի տակից առանձին ոսկի շղթայով կախած փոքրիկ և գեղեցիկ ոսկի խաչը բարձրանում էր և ցածանում էր նորա շնչառության հետ միասին։

Դուռը բացվեց հանկարծ, և շեմքի վերա երևեցավ այն մարդը, որ փողոցից մտել էր սոցա բակը։ Մանուշակը այլայլեցավ, վեր թռավ տեղից և ձեռքից թողնելով կարը, պատրաստ էր ահա փախչել դեպի յուր ննջարանը, մինչ այն մարդը ևս նույնպես ամբոխված, առանց հառաջ խաղալու շեմքի վերայից, հարցրեց նորանից, թե տա՞նն էին արդյոք նորա ծնողքը։

Մանուշակը այս հարցմունքի վերա շփոթված, կարմրեցավ մինչև ականջները և աչքերը դեպի գետին կորացուցած, մի փոքր լուռ կանգնելուց հետո, վազեց յուր ննջարանը և շուտով փակեց քամակից յուր դուռը, ամրացնելով նորան փոքրիկ երկաթի կարթով, որ կախած էր դուռի վերայից։

Անծանոթ մարդը մնաց մյուս տանը կանգնած։

Ես կաշխատեի արդարացնել Մանուշակը իմ ընթերցողների առաջև, եթե դոքա հայեր չլինեին և չիմացող լինեին, թե Մանուշակը ինքը չէր մեղավոր այսպես ընթանալով, այլ այն բարբարոսական սովորությունը հայերի մեջ ինչպես նաև ասիացոց և այլ վայրենիների մեջ, ուր պատշաճից դուրս է համարվում կնիկ մարդերի և մանավանդ աղջիկների երիտասարդ մարդերի հետ խոսելը։ Ո՜հ, ե՛րբ պետք է վերանա այս կեղտը, որ մի թեթև կերպով ցույց է տալիս, թե հայերի կանայքը առհասարակ յուրյանց ամուսինների առաջև համարվում էին եթե ո՛չ բոլորովին, գո՛նե մի բարակ կերպով, ստրուկի պես բան։

Տարակույս չկա, որ Մանուշակը փակելով այն դուռը, որ հյուրնդունարանն էր հանում, բացեց մյուսը, որ խոհարանն էր գնում, կայծակի արագութենով ցած վազեց սանդուղքներից և մորը ուղարկեց խոսելու այցելուի հետ, ինքը մնալով գետնատնումը մորը տեղ։ Այս պատճառով անծանոթը դեռ չէր ուղղված յուր շփոթութենից մինչ Թյությունճի–Օղլու տիկինը հայտնվեցավ տան մեջ. նորա հագուստի վերա շատ զգալի էր փոփոխությունը. պատճառ, մի մեծ ղենջակ սկսած մեջքից ծածկում էր մինչև ոտքերը։

— Ներեցե՛ք խնդրեմ, պարոն փեսա,— ասաց Թյությունճի-Օղլու