Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Նորա քարոզությունը, ավանդած կրոնը հիմնված է սիրու վերա։ Բայց սիրել միայն յուր մերձավորքը, ազգականքը, հայրը, մայրը, կինը, որդին և այլն, այդ չէ միայն քարոզում Քրիստոս, և այդ դեռ կատարյալ սեր չէ. մեք պարտական ենք սիրել մեր ընկերը, պարտական ենք սիրել ամբողջ մարդկությունը, առանց խտրելու, — թե այս ոք հեթանոս էր, մյուսը հրեա, մյուսը մահմեդական և այլն, և այլն, բոլորն ի միասին մի հոր որդիք ենք. բոլորն ի միասին մարդկության անդամ, լավ կամ վատ անդամ և այս լավերի վերա պարտականություն կա այն վատերը ևս լավ շինել։ Ինչո՞վ, ի՞նչ կախարդական գավազանով։ — Կախարդական գավազանո՞վ. գավազան պետք չէ մարդկությանը, նա գազան չէ, այլ սեր. սեր, որ աստվածային հոգի է, որ քարը ևս կհալեցնե, որի ընդդեմ սուրերը բթանում են, կրակները շիջանում։ Յուրաքանչյուր մարդ, եթե նա կամենում էր հարգելի կացուցանել յուր մարդկությունը, պիտի սեր ունենա, պիտի սիրե յուր ընկերը, ազգը և մարդկությունը առհասարակ։ Ապրել միմիայն յուր համար, գազանին է սեփական, արծաթ հավաքել, հարստություն ճարել, այդ և մրջյունն է առնում, նա ամբողջ ամառը սերմեր է հավաքում յուր ամբարի մեջ ձմեռվա համար, և դեռևս այնքան, որքան հարկավոր էր, և ոչ արծաթասեր մարդերի նման, որոնց հավաքելուն մի չափ ու սահման չկա, այնքան կհավաքեն, որքան կարող էին։ Արծաթ հավաքելը մեղք չէ, եթե նա դեպի չարը գործ չդնե այն, եթե նա օգնե յուր ընկերին, եթե նա այն արծաթովը օրհնություն դնե և բարի հիշատակ ժառանգե, եթե նա խնամակալ լինի յուր ավելորդ արծաթը գործ դնել չքավորների անտեր և անտիրական զավակները սնուցանելու և կրթելու, եթե նա աշխատի նվիրաբեր լինել մարդկությունը լուսավորող գանձանակին։

Այս ամենայն բանը մարդ կարող է առնել, եթե կամենա, բայց շատ անգամ մի մարդ չէ կարող մեծ գործ կատարել, դորա ճարը կա՝ սերը, միաբանությունը։ Այն, ինչ որ մինը չէ կարող, տասը կարող են և կա մի այնպիսի բան, որ տասին ևս կարող է մի շինել,— սերը և միաբանությունը, այս է մարդը և նորա արժանավորությունը․ այսպիսի դիպվածում նա Աստուծո պատկեր է, ապա թե ոչ, առանց Աստուծո գործերը գործելու և դեռևս լցվելով ամենայն տեսակ մոլութեններով ասել, թե «Աստուծո պատկեր եմ» սուտ բան է, և այդտեղ պատկերի բան չկա։ Ահա մեր հայացքը մարդու և մարդկության վերա,— վերջացրեց խոսքը Շահումյանցը, տեսանելով, որ տիկին թյությունճի—Օղլուն վաղուց ահա գնացել է քնելու։

Այս խոսակցությունից հետո խմեցին թեյի վերջին բաժակը, և Թյություճի—Օղլուն նույնպես, ինչպես առաջ, ուրախ էր այս խոսքերի