Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ խոսելուց չեն կարող վատ խոսել, այսինքն ճշմարտապես նկարագրել նորանց․ վերին աստիճանի անզգամ, ասում եմ այն պատճառով, որ եթե աշխարհի երեսին լիներ մի այնպիսի կառավարություն, որ աստիճան տար անզգամությանը, այն ժամանակ Վարդ - Խաթունը ոչ եթե միայն կստանար Անզգամության վարդապետ աստիճանը, այլև անզգամություն ուսուցանելու ամբիոնը։ Փառք Աստուծո, որ այդպիսի բան չկար աշխարհի երեսին և Վարդ-Խաթունը հերիքացած էր Անզգամ պատվանունովը, որ ստացել էր հասարակաց վկայութենով։ Այս անզգամը ամիսը երկու անգամ հիվանդանում էր, բայց ի՞նչ պատճառով. սաստիկ բարկութենից կապվում էր նորա մաղձատար խողովակի ճանապարհը, վասն որո մաղձը մտանելով ստամոքսի և արյունի մեջ, նախ և հառաջ պատճառում էր փսխողություն և լուծողություն. երկրորդ, ներկում էր երեսը կանաչ-դեղին գունով։ Թշվառ Մկրտիչը գերի էր յուր քրոջ ձեռքին, քույրը գիտեր նորա բոլոր առևտրական հաշիվները անգամ և շատ էր պատահում, որ կին միջնորդի ձեռքով ինքը վաճառում էր յուր եղբոր ապրանքը կամեցածի պես։ Այսպիսի անզգամ կնոջ, այնպիսի տխմար եղբայր. բերան կար, լեզու չկար․ նորա սաստիկ բարկանալը երևում էր նորանից, որ անդադար ծխում էր թաբակը, փակված յուր սենյակի մեջ, և դողում էին ոչ թե միայն ձեռք ու ոտքը, այլև բոլոր մարմնի մկնակները և ջլերը. այսպիսի կյանքը էր պատճառը, որ նա, դեռ երիտասարդության մեջ, ստացել էր խորտակված պառավի կերպար։

IX

Թեև Աղվանյանցի հայրը մեռանելու ժամանակ նզովքով պարտավորել էր յուր որդին, ոչ ոքի չբանալ մատանու գաղտնիքը, թեև չնայելով Աղվանյանց Մկրտիչի ցած և ստորաքարշ բնության կամ առավել լավ ասել, անբարոյականության վերա, խեղճ ողորմելի թշվառականը յուր բոլոր կյանքումը կատարելու էր հոր այս պատվերը, բայց հարկը ի՜նչ բաներ չէ ստիպում կատարել մեր սրտի հոժարության ընդդեմ․ ես ասացի միայն հարկը, դեռևս հարկավոր էր ասել, թե մի անզգամ կին ի՜նչ բաներ չէ ստիպում յուր մարդին կատարել, և քանի՜ արդյոք կգտանվին այնպիսի մարդիկ, որ հաստատ բնավորություն ունենալով, կարողանան մերժել այնպիսի անզգամների հրամանը, այո՜, հրամանը․ պատճառ, անզգամ կինը չէ խնդրում յուր ամուսնուց կամ եղբորից և այլն, և այլն, այլ հրամայում է. նա կարծում է, ո՜չ եթե միայն յուր ամուսնուն, որդուն, մերձավորին, այլև աշխարհին կարող է հրամայել...