Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

X

Առավոտյան ինն ժամը զարկեց։

Մանուշակը, առողջ և մի անսովոր ուրախութենով, նստած էր յուր տեղում պատուհանի տակ և կարում էր յուր կարը։

Թյությունճի-Օղլուն ծխափողը լցրած թաբակով նոր ահա վառում էր, իսկ կինը նստած բազմոցի վերա, մաքրում էր մի ունղեղեն, պահոց կերակուր պատրաստելու համար:

— Բարկացուցինք մեր պարոն փեսային,— ասաց թյությունճի–օղլուն, ընդհատված արտաբերելով խոսքերը, պատճառ, թաբակը վառելու համար կարճ և ստեպ էր շունչ քաշում,— բայց ի՛նչ առնես, այդ ևս մի հիմարություն է, ոչ այս, ոչ այն, հանկարծ հարսանիք պահանջել. ես ստանալիք ունիմ, պատրաստություններ ունիմ տեսանելու, և չկամիմ ինչպես և իցե հարսն առնել մի հատիկ Մանուշակս. ի՛նչ կա, կարող է վեց յոթն ամիս և համբերել. և ինչպես կարծում եմ, գիր չգրածի պատճառն այն է, որ փոքր ինչ վիրավորվեց, թե չէ, մի ամիս եղավ գնացածը, ի՛նչ քաղաքավարություն է մի նամակ չգրել։

— Իհարկե, այդ է պատճառը,— պատասխանեց կինը,— բայց այդտեղ, և՛ նա մեղավոր է, և՛ մեք մեղավոր ենք. եթե նա այնպես շուտ չպահանջեր, մեք ևս այնքան չհեռացնեինք, ո՛չ այս կլիներ և ո՛չ այն, և ամենայն ինչ կանցաներ խաղաղությամբ, բայց այժմ, ո՛վ գիտե, գուցե...

— Ինչ գուցե, ի՞նչ է. ես կամեցա իմ Մանուշակս տալ նորան, իսկ նա դեռևս պիտի կոտրատվի՞. նա չեղավ, ուրիշը կճարեմ։ Մանուշակս չէ բարկանում իմ վերա։

— Ամենևին ոչ, հայրի կ, ես...

— Գիտեմ զավա՛կս, քո հնազանդությունը։ Աստծո օրհնությունը լինի քո վերա։

Այս խոսքի ժամանակ արտասուքը փայլեցավ Մանուշակի աչքերում։

— Ի՞նչ է, Մանուշակս, լաց ես լինում, ի՛նչ պատճառով։

— Ո՛չ, մայրիկ, ասեղով ծակեցի ձեռքս, նորա համար աչքերս լցվեցան,— պատասխանեց Մանուշակը, հարկադրելով ցույց տալ յուրյան ուրախ և անշփոթ։

Այս միջոցին Շահումյանց Գևորգի ծառան ներս մտավ՝ մի նամակ ձեռքին։

— Դո՞ւք եք պարոն Թյությունճի-Օղլուն:

— Ես եմ,- պատասխանեց Թյությունճի-Օղլուն, մոտենալով ծառային։