Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար էր թվում. յուրաքանչյուր րոպեի մեջ խեղճ Մանուշակը ի՞նչ օդեղեն ամրոցներ էր շինում. երևակայում էր յուրյան հարսնացած Շահումյանցին, երջանիկ և ուրախ. հարստությունը նորա աչքում բան չէր թվում, որովհետև անմեղ էր նորա կուսական սիրտը աշխարհի չնչին և անմարդի կեղտերից, նա երջանկությունը համարում էր գտանել սրտի մեջ, և ոչ մի ժանգոտած ութը փութանոց և երեք չորս փակով կղպած արկղի մեջ, ուր պահվում էին հարուստների արծաթը, ոսկին և ստացվածքը։ Բայց ավա՜ղ, սորա հակառակ գալիս էին նորա աչքի առաջև, որսլես թե հայրը հրաժարվում էր պարոն Շահումյանցի առաջարկութենից, և կամենում էր ճիշտ պահել յուր խոսքը, որ տվել էր ուխտավոր Մկրտչին։

Մանուշակը ոչինչ չուներ, բայց թե նորանն էին եղած աշխարհի բոլոր հարստությունը, նա բոլորը միասին պատրաստ էր ահա բաշխել այն մարդուն, այն միջնորդին, որ այս րոպեիս ասեր նորան յուր հոր համաձայնության լուրը։

Այսպիսի զանազան և միմյանց ներհակ խորհուրդների մեջ ալեկոծվելով,— նորա շնչառությունը շուտացել էր, սիրտը արագ֊արագ զարկում էր, և կարը ակամա խիստ արագությամբ կարում էր բնական ազդեցութենով, որպես թե այս շուտութենովը կարող էր և ժամանակի ընթացքը շուտացնել։


Մայրը, խոսելու ժամանակ Մանուշակի հետ, հազիվ թե երկու խոսքին ստանում էր մի պատասխան, և այն անիմաստ, կցկտուր և, որքան կարելի է, կարճ, ամենայն կերպ փախչելով երկար և կապակից խոսակցութենից, որ յուր մտածողությունը չհեռանա այն առարկայից, որ պիտո է վճռեր նորա կյանքի բոլոր որպիսությունը։

Մի ժամ անցավ, Թյությունճի-Օղլուն չէր երևում։ Մանուշակը համարյա՛ թե կորուսել էր ինքն յուրյան։


Միշտ այսպես է պատահում, եթե մի երկբայելի բանի մասին մարդ մի տեղից լուրի սպասե և այդ լուրը ուշանա, անպատճառ այն մարդը վատ կողմը կսկսի մտածել, և այդ վատ կողմը այնպես մեծ կերևի, որ անկարելի է նկարագրել։ Այսպես և Մանուշակը կարծում էր, որպես թե ինքը զրկված է պարոն Շահումյանցի կին լինելուց։ Նա մտածում էր, որ հայրը չհամաձայնելով պարոն Շահումյանցին, անպատճառ պիտո է կտրվեր նոցա բարեկամությունը և եթե սա ուխտավոր Մկրտչին գնար, Մկրտիչը ճանաչած լինելով պարոն Շահումյանցը յուր հակառակորդ, ամենևին թողելու չէր, որ Մանուշակը գնա հոր տուն, ինչ ժամանակ պարոն Շահումյանցը այնտեղ կպատահեր, եթե հոր բարեկամությունը ևս կտրված չլիներ պարոն Շահումյանցի հետ։ Բացի սորանից, ի՞նչ կլիներ նորա վիճակը, այս մտածելու ժամանակ, որ պարոն Շահումյանցը համոզել