Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասել, որ եթե իմ տեղը այլ մարդ լիներ, ձեր արած բանի համար բոլորովին կհրաժարվեր ձեր աղջկա հետ ամուսնանալուց․ բայց ես այնպես վատ սրտով մարդ չեմ․ խոսք տվել եմ, կկատարեմ։ Ուրեմն ողջունեցեք իմ հարսը և զոքանչը և պատրաստ եղիք դալոց տարու վերափոխման տոնից հետո հարսանիքը առնելու։ Ողջ եղիք։

Ձեր խոնարհ ծաոա Մկրտիչ։

18 նոյեմբ․ 18․․․

Սուդաղ։

— Մեք հարսանիքը և առանց քեզ կառնենք,— ասաց Թյությունճի– Օղլուն,— և ո′չ գալոց տարու օգոստոսին, այլ այս տարի։ Տեսանո′ւմ ես,— հավելացրեց նա դառնալով դեպի յուր կինը,— այս պարոնը մտածում է եղած, որ շնորհ է ցուցանում մեզ մեր աղջիկը առնելով․ նորան նայի՛ր, նորա սրտին.․. Այդպիսի նեղսիրտ փեսա մեզ հարկավոր չէ։

Այս խոսքը ավարտած, նետեց նամակը սեղանի վերա։

Մանուշակի ուրախությանը սահման չկար, որովհետև հասած էր յուր նպատակին։

XI

16.․․ օգոստոսը վերջանում էր։

Առավոտյան տասն ժամին երկու ձիավոր մտան Սուրբ Գեորգի եկեղեցու բակը․ նոցա փոշոտված հանդերձներից, երկայնացած մորուքներից և զրահավորված իրաններից երևում էր, որ հեռի տեղից էին գալիս... Սուրբ Կարապետից էին գալիս․ պատճառ, Սուրբ Կարապետից եկողները ուղիղ Սուրբ Գևորգ կերթան, ինչպես նաև գնալու ժամանակ Սուրբ Թորոս։

Նորանցից մինը միջահասակ, թուխ, սև աչքերով, սև մորուքով...

Նոքա մտան եկեղեցին, բայց ժամասացությունը արդեն ավարտված էր։

Քահանան ճանաչեց պարոն Մկրտչին և շնորհավորեց նորա գալուստը։

— Մի՞թե դուք գիտեիք մեր գալը, Տեր հա՛յր,— ասաց Մկրտիչը քահանային, որ այսպես պատրաստ սպասում էիք։

— Ամենևին ո՛չ,— պատասխանեց քահա′նան,— մեք մկրտություն ունինք առնելու, կնքահորն ենք սպասում։

— Ովի՞ երեխայն է մկրտելին։

— Շահումյանց Գեորգի։

— Մի՞թե նա ամուսնացավ։