Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵՌԵԼԱՀԱՐՑՈՒԿ

Ա

1858 թվականի մայիս ամիսն էր։ Դեռ նոր լուսացել էր առավոտը, դեռևս նոր վեր բարձրացել էր արևը հորիզոնի վերա, ոսկեզօծելով ամպեղեն կաթնագույն սարերի գագաթները, դեռևս նոր զարթնում էին մարդիկ յուրյանց քնից, որ մանավանդ շատանում է և զորանում է գարնան ժամանակ, աղախինը պ. Մարկոսի ներս մտավ սորա սենյակը։Պ. Մարկոսը քնաթաթախ բացեց աչքերը և երեսը շփելով հարց արեց քնից վեր կացած աղախնու ներս մտանելու պատճառը։ Այս միջոցին մոտեցել էր նորան աղախինը և հառաջ քան թե պ. Մարկոսը ավարտել էր յուր հարցմունքը, ստացավ սորանից մի նամակ, որ պ. Շաքարյանցի ծառան բերել էր։

Պ. Մարկոսը բացեց կնիքը և աչքերը տրորելով կարդաց հետևյալ խոսքերս․

Սրտակից բարեկամ ՊԱՐՈՆ ՄԱՐԿՈՍ


Չնեղանաս բաց խոսածիցս, ինչպես նկատում եմ, քո խոստանալը շատ է, քան թե կատարելդ. խոսքս մեր խնջույքի վերա է, որի մասին զրուցելով անցյալները խոստացար հոգաբարձու լինել, բայց, մի չար բախտով, ո′չ մի հոգացողության նշան, որ ցույց տված լինեիր, չտեսա մինչև այսօր։ Օրերը անցանում են, մեր կյանքը թռչում է, իսկ մեք, քո շեորհքիցը, բանտարկված մեր բնակարաններում թառամում ենք տըխրության մեջ։ Տեսանելով, որ բանը այսպես է, որ այս մասին մի բարի հույս չկա քեզանից, ես ինքնին սկսեցի լինել այդ խնջույքի հոգաբարձուն։ Ամենայն պատրաստություն տեսել եմ, թե կերակրեղենի և թե ըմպելիքի