Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նա միշտ համարել է յուրյան, և այժմ ևս համարում է ազգասեր պարոններից մինը և ինչո՜ւ չէ համարելու յուրյան ազգասեր, ի՜նչ մի դժվար բան է ազգասեր համարել յուրյան կամ համարվել ուրիշների աչքում։ Ես այս խոսքը ասում եմ միմիայն մեր հայերի համար և ոչ ուրիշ ազգերի. պատճառ, որքան հեշտ է մեր ազգի մեջ ազգասերի անուն ժառանգել, նույնքան դժվար է այդ ուրիշ ազգերի մեջ։ Ինչո՞ւ, հայ մարդը, որ մի երկու բառ լսել էր այստեղից և այնտեղից, նստում է յուր տան մի անկյունում և դառնում է ազգասեր, ինչ լավ ցանկություն ասես հայտնում է յուր ազգի մասին, ցանկանում է, որ ազգը լուսավորվի, որ բան ուսանին ազգի վայրենացած զավակները, որ լինին և շարունակվեն լավ և գեղեցիկ օրագրությունը, բայց այս բաները թող ինքյանք լինին, թող ոչնչից և ոչնչով գոյանան, իմ պատվելի ազգասերը հանգիստ թող նստի տանը, նորան թող անհանգիստ չառնեն, մի՞թե նա երեսփոխա՞ն է ամբողջ ազգի, մի՞թե նա պարտակա՜ն է ազգին, թող ազգը մտածե, թող ինքը հոգս առնե, իմ ազգասերը մասնավոր մարդ է, փորը կուշտ, արծաթը շատ, նորան ի՜նչ փույթ, որ ազգի զավակները յուրյանը անդաստիարակության և տգիտության պատճառով դատապարտված են ոտաբոբիկ այս ու այն կողմ վազվզել մի կտոր հաց ճարելու, մի բնակություն գտնելու կամ մերկությունը ծածկելու համար։ Իմ ազգասերը պատվելի է միայն նորա համար, որ օդով ամենայն բան ցանկանում է, ամենայն բարեխիղճ մարդու հետ համաձայնում է և օգնում է ազգին, մի քանի աղքատի երկու– երեք մանեթ ողորմություն տալով։ Նա գովում է ազգը, նա օտարի առաջև ծածկում է նորա պակասությունքը։ Նա այնքան սիրում է հայոց ազդը, որ նորա պակասությունքը խայտառակողներին ատելով ատում է, բամբասում է և հայհոյում է նորանց և... ի նչ այլևս կամիք, օրհնում է օտար աշխարհում, պանդխտության մեջ յուր կյանքը և հարստությունը կնքած մի անբախտի գերեզման...

Այսպիսի մի մարդ, ո՜հ, ցավելի ճշմարտություն, հարգ ունի խաժամուժ ամբոխի աչքում, այսպիսի մի մարդ, որ փորը հաստացրել էր և ընչանցքը սրել, համարձակվում է պատիվ ու հարգանք պահանջել մեզանից, որովհետև նա հարուստ էր, իսկ մեք ոչ, նա կառքերով էր ման գալիս, իսկ մեկ ոտով։ Հեռի՜ մեզանից, դու հանդուգն հիմար, կորի՜ր մեր աչքից, ստախոս և անպատիվ դու, մեք ճանաչում ենք քո խաբեբայությունը, քո արհեստը ընթացք չունի մեր մեջ։ Ազգասե՞ր, ո՜րտեղից ո՜րտեղ, ինչո՞ւ փորասեր, արծաթասեր չես կոչում քեզ. ի՜նչ է, ականջիդ լա՞վ է եկել ազգասերի անունը, գա առանց զրկանքի կամիս առաքինի չինել, ի՞նչպես կարելի է այդ, մինչ առաքինությունը զրկանք է մի մարդու համար, որ առաքինություն էր գործում։ Զրկանք հանձն առնո՞ւս.