Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սքանչելի և դիվահալած աղոթքները։ Բացի դորանից, ես միշտ իմ վերա պահում եմ կտորը այն ծառի, որին կապել էին Քրիստոսին Գեթսեմանի պարտիզում մատնության գիշերին։ Ես դևերից երկյուղ շունիմ...

— Գուցե ճշմարիտ եք խոսում, ապա ուրեմն, այդպիսի վատաբախտ դիպվածում վնասը կհասանի իմ պարոնին։

— Բան չկա, գոնե կխելոքանա և կդադարի այդ բաներից։ Ցույց տո′ւր ինձ ախոռը․ արի′ գնանք։

— Ամենևին․ կամիք սպանեցեք ինձ, այնուամենայնիվ հանձնառու չեմ գնալ. ես ձրի չեմ գտել իմ կյանքը, որ հիմարաբար վտանգի մեջ ձգեմ։

Մինչդեռ պ. Մարկոսը խոսում էր ծառայի հետ, և ահա պ. Շաքարյանցը բարկացած, շողիքը բերանից թափելով ներս մտավ։

— Այդ անկարելի է... այդ անհնարին է... չկամիմ ամենևին տեսանել. այդ ի′նչ սոսկալի կերպարանափոխություն... կապիկ է միանգամայն։ Ափսո′ս աշխատանքիս, ափսո՜ս սիրելուս, որ զուր տեղը կորավ... երկինք, փուլ արի իմ վերա... երկիր, կուլ տուր ինձ, ո′հ, մի օգնություն, սիրտս այրվում է... ո′հ... ո′հ,– և մի քանի այսպիսի կցկտուր խոսքեր դեռևս արտաբերելով, ընկավ աթոռի վերա ամենևին ուժաթափ։

Պ. Մարկոսը նայում էր զարմացած։ Ծառան դուրս փախավ սենեկից, հայր մեր ասելով։ Պ. Մարկոսը տեսանելով, որ բանը վատ է, փոքր է մնացել, որ յոլրյանց մտքոլմը դրած խնջույքը դեպի տրտմություն փոխվի, յուր կարգով սկսեց գործ դնել յուր արհեստը, և, կանգնելով պ. Շաքարյանցի գլխի տակ, սկսեց մրմնջել մի աղոթք, և երեք անգամ կրկնելով հալին մեղք, հալածին դևք խոսքերը, այլև մի փոքր ջուր սրսկելով Շաքարյանցի երեսին, զգաստացուց նորան։

Պ. Շաքարյանցը վեր կացավ և կովի նման նայում էր պ. Մարկոսի վերա, հետո սկսեց, մի քանի արաբական խոսքեր արտաբերելով, պտույտ գալ սենեկի մեջտեղում։ Պ. Մարկոսը տեսանելով, որ մի աղոթքով բան չդարձավ, բռնեց Շաքարյանցին, նստեցուց բռնությամբ աթոռի վերա և սկսեց անգիր կարդալ մի այլ աղոթք, որ ավելի ներգործական էր նորա աչքում։ Պ․ Շաքարյանցը քնեց... Դեռևս ամբոխված էր նորա շնչառությունը, սիրտը մի առանձին խռովությամբ բաբախում էր կուրծքի մեջ. երեսի վերա, երբեմն–երբեմն երևում էին ակամա և անզգա ցնցողական զարկողությունք։

«Փա′ռք աստուծո,— ասաց պ. Մարկոսը,— գոնե՛ քնեց։ Արի մի գնամ դորա ախոռը, ի՞նչ կա այդտեղ, որ այս խեղճի լերդը պատառել էր»։

Թեև պ. Մարկոսը, զանազան դիվահալած աղոթքներով վահանափակել