Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր յուր անձը, այնուամենայնիվ հարկավոր համարեց հանել շապիկի տակից մի փայտի կտոր, որ արծաթյա շղթայով կախած էր կուրծքի վերա, համբուրեց և հառաջ գնաց... Նա տեսավ, որ ախոռներից մինի դուռը բաց է, ուստի կարծելով, որ այդտեղ պիտո է կատարված լինի դիվահարցությունը, ներս մտավ նորա մեջ։ Ախոռի հատակի վերա քարշած էր կավիճով մի շրջանագիծ․ նորա մեջտեղում մի ահագին սև կատու թաթերով բռնելով մի գլխատած հավի մարմին, ուտում էր մռմռալով։ Դորա մոտ դրած էր մի պտուկ։ Պ. Մարկոսը մոտեցավ պտուկին, տեսավ որ ջրով լիքն է, շրջեց պտուկը, և ահա նորա միջից դուրս ընկան չղջկի կուրծքի կարթաձև ոսկորը և Հուլիա Պոստրանայի [1] պատկերը։

  1. Հարկավոր ենք համարում այստեղ մի փոքր ծանոթաբանել Հուլիա Պոստրանայի մասին; Դա մի աղջիկ է, Մեկսիկոյից, 23 տարեկան. հասակի բարձրությունը 4 ոտնաչափ և 6 բթաչափ, զարմանալի կանոնավոր կազմվածքի տեր։ Կզակի վերա բուսած է երկայն մորուք, որ միավորվում է նորա ընչանցքի և թուշերի մորուքի հետ։ Հոնքերը թանձր որպես և գլխի մազը, սաստիկ սև և առանց գանգուրների։ Երեսի մյուս մասերը, որպես և բոլոր մարմինը, բացի արմունկներից, ձեռքի ափերից և ոտքի գարշապարից, պատած է կարճ մազերով։ Կուրծքը սաստիկ կերպարանագործված և լիքը։ Քթի պնչերը տափակաձև և քարշված, այնպես որ առիթ են տալիս եզրակացնելու, թե աճառ չկար նոցա մեջ։ Բերանը մեծ, շրթունքը դեպի դուրս դարձված։ Ներքին ծնոտի վերա կան ատամները ամբողջապես, իսկ վերին ծնոտի ատամներում երևում են պակասությունք։ Դեմքի գծագրությունը չունի նեգրի բնավորություն, բավական փոքր է երեսի անկյունը։ Ձայնը կանացի է, մանավանդ բարձր ոճերը։ Թեև անկիրթ է նա, այնուամենայնիվ ունի լավ խելք և հասկացողություն։ Այս աղջիկը, որին շատերի հետ և մենք ականատես եղանք, ավելի նմանություն ունի կապկի քան թե մարդու, և նայելով զանազան բնագետների և եվրոպական օրագրերի և լրագրերի խոսքերին, դեռևս մի հատ է ամբողջ երկրագունդի վերա։ Անտարակույս մեր ընթերցողներից ոմանք տեսած կլինեն նորան, մինչդեռ գտանվում էր նա 1858 թվականին Պետերբուրգ և Մոսկվա մայրաքաղաքներում։ Այս աղջկա ծագումը ծածկած է անհայտության վարագույրի տակ։ Չէ կարելի դրականապես ասել, թե նա պատկանում է արմատակերների մի ցեղին․ պատճառ, ունի շատ որակությունք, որով բաժանվում էր նոցանից։ Չկամինք այստեղ երկարաբանել մեջ բերելով այդ զանազանության ապացույցները, չկամինք նույնպես հիշեք այն բոլոր խոսք ու զրույցը այս աղջկա մասին, այլ միայն դնում ենք այստեղ այն, ինչ որ մեծ մասով ընդունելի է եղած և որ երևում է ավելի ստույգ։ 1830 թվականին, արմատակերների ցեղից մի քանի կանայք Կոպալից, գնացին սարի տակ լճի մեջ լվացվելու։ Յուրյանց տեղը վերադառնալով նկատեցին, որ չկա յուրյանց մի ընկերը։ Շատ որոնեցին, շատ հարց ու խնդիրք արեցին, բայց բոլորը յուր եղավ, և ամենեքին հավանեցան կարծել, որ խեղդված լինի ջրում։ Վեց տարի հետո այս անցքից մի հովիվ յուր ոչխարները սարերում արածեցնելու ժամանակ, մի քարայրի միջից լսեց մի ձայն, որ համարեց մեկսիկացու ձայն։ Նա սկսեց որոնել ձայն տվողը և գտավ․ նա էր կորուսած հնդկական աղջիկը։ Սա պատմեց, թե լվացվելուց հետո, մոլորվելով սարերի մեջ, ընկել էր արմատակերների մի այլ ցեղի ձեոք, որ այսքան ժամանակ