Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վազելը և պ. Մարկոսին տեսանելը։ Հավաստելու համար, թե այդպե՞ս էր արդյոք, կամեցավ հառաջ ուրանալ այն խորհրդով, որ եթե պ. Մարկոսը ստուգապես տեսել էր ամենայն բան, ապա ինքն ևս խոստովանելու էր բոլորը․ այս դիտմամբ կտրելով պ. Մարկոսի խոսքը, ասաց.

— Եղբա՛յր, ինչե՛ր ես խոսում, ի՛նչ դև, ի՛նչ աղոթք, ի՛նչ բան. խելքդ գլխի՞դ է թե ոչ։

— Իմ խելքս գլխիս է, բայց քոնը եկա՞վ թե չէ. մի ժամ հառաջ խելագարվել էիր ախոռից ներս վազելով, այնպես, որ քեղ հանգստացնելուց հետո, ստիպվեցա գնալ և հարցասիրել քո խելագարության պատճառը։ Ախոռը ներս մտա, տեսա մի մեծ շրջանագծի մեջ, մի սև կատու, որ լափում էր մի գլխատած սև հավի մարմին, տեսա մի ջրով լիք պտուկ․ բայց ասա՛ խնդրեմ, մի՞թե Հուլիա Պոստրանայի պատկերը ևս անհրաժեշտ առարկա է դյութության մեջ, որ չղջկի ոսկրի հետ միասին գրել էիր ջրով լիքը պտուկի մեջ...

— Մի՛թե դու մի բան տեսար,— կտրեց խոսքը պ. Շաքարյանցը։

— Եղբա՛յր, ես կույր չեմ, և ինչ որ մարդկային աչքով կարելի է տեսանել, միշտ տեսանում եմ։ Ի՞նչպես չտեսա Պոստրանայի պատկերը, և դեռ ևս ներկով նկարած։

- Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ես այժմ հասկանում եմ,— ասելով զարկեց երկու ձեռքով ճակատին։

— Ես խաբվել եմ... ափսո՛ս և հազար ափսո՛ս, այդ մի հիմարություն է եղել, երևի թե դրացուս կողմից, որովհետև նա նկարել գիտե... այո՛, նորա բանն է, անիծածը երեկ երեկոյան երևի լսել է իմ ձայնավոր խորհրդածությունը իմ հետ, և այդ բանը բերել է իմ գլուխը։ Փույթ չէ, դրացի՛, ես մի օր քո դռան առաջև ևս կչոքեմ...

— Ասա՛, խնդրեմ, ի՛նչ խորհուրդ ունի այս բոլորը․ ես ոչինչ բան չեմ հասկանում․ և քո ընթացքը, ախոռի հանդերձանքը, այժմյան խոսակցությունդ, իմ համար, եգիպտական առեղծվածներից (հանելուկներից) անցան։

— Պարո՛ն Մարկոս, հոգի՛ս, դու գիտես, որ ես քեզ հոգուս պես սիրում եմ և քեզանից երբեք մի բան ծածկած չեմ, ուրեմն լսիր և այս գաղտնիքս, որ ոչ ոք չգիտե, և առաջինը դու պիտո է լինես, որ իմանաս։ Ես քո բարեկամության վերա երկբայություն չունիմ, ուստի և անկասկած կարող եմ հավատալ քեզ իմ գաղտնիքը, որովհետև ճակատագիրը այսպես է բերել, որ դու իմանայիր Նորան։ Փո՛ւյթ չէ, դու ևս մի կարդացող մարդ ես, այսօր դարձիր և խոստովանահայր, ի՛նչ կա որ։