Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

Պ. Շաքարյանցը, այս յուր հառաջաբանով, այլև ձեռների և դեմքի շարժվածքով մի այնպիսի ձև ցույց տվեց պ. Մարկոսին, որ սա կարծեց, թե նորա հավատալու գաղտնիքը մի քաղաքական մեծակշիռ բան է, վասն որո պ. Մարկոսը, պատրաստվելով լսել, ավելորդ չհամարեց վերստին հավատացնել պ. Շաքարյանցին, յուր դեպի նա անկեղծ բարեկամությունը։

— Շնորհակայ եմ, շնորհակալ եմ,– ասաց Շաքարյանցը,– ես գիտեմ քո բարեկամությունը, և այդ էր պատճառը, որ հոժարեցա հավատալ քեզ իմ գաղտնիքը, լսի՛ր ուրեմն։

— Մի քանի ժամանակ է, որ երազում մի գեղեցիկ աղջիկ տեսանելով, սիրահարվել էի նորա վերա, այնպես, որ ո՛չ ցերեկս ցերեկ էր, ո՛չ գիշերս գիշեր։ Եթե միայն մնում էի տանս և ընկնում էի մտածության մեջ, հանկարծ մի շարժողութենից, մի աղաղակից դուրս գալով այդ խոր մտածության միջից և աչքս դարձնելով դեպի այն կողմը, որտեղից լսել էի աղաղակը կամ շարժողության ձայնը, այն սիրած աղջիկս, ուրվականի պես երևում էր աչքիս և անհայտանում դարձյալ։ Շատ մտածեցի, շատ որոնեցի մեր քաղաքի մեջ, թե կա՞ր արդյոք այդպիսի մի աղջիկ. ճշմարիտն ասեմ, եթե լիներ, այնուհետև ամենայն ջանք պիտո է գործ դնեի, այդ աղջիկը ինձ կին խնդրելու, որովհետև ինձ թվում էր, թե ստեղծված եմ միմիայն նորա համար, և միմիայն նորա հետ ամուսնանալով, կարծում էի, թե կարող էի երջանկանալ։ Բայց բոլոր իմ հարց ու խնդիրս, բոլոր աշխատությունս զուր կորան. իսկ աղջկա պատկերը ասես թե բևեռել էին աչքիս, որովհետև աչքերս այս կամ այն կողմը ձգելու ժամանակ, անդադար տեսանում էի նորան։ Թուլացա, մաշվեցա. մարդու հետ խոսելու ժամանակ, շատ անգամ չհասկանալով նորա խոսածը, որովհետև միտքս թռչում էր այն աղջկա քամակից, ամենևին մեքենաբար պատասխանում էի մի անորոշ բան, ո՛չ ստորասական և ո՛չ բացասական, այն խորհրդով, որ դիմացս կանգնած մարդը հակառակախոսության պատճառը չգտանելով, թողուր ինձ հանգիստ։ Ամենայն ջանք գործ էի դնում հեռի փախչել որևիցե ընկերակցութենից. այն մարդիկը, որ հառաջ շատ սիրելի էին ինձ, այժմ դարձել էին իմ աչքում փսխողական փոշի. նոցա իմ մոտ ներս մտանելը ատելի էր ինձ, որովհետև ընդհատվում էր իմ մտածությունը. ես երջանիկ էի, մինչև անգամ, միմիայն երևակայելով այն հրեշտակային պատկերը։ Ահա այսպիսի հոգեմաշ հանգամանքների մեջ կորուսի բոլոր հոգեկան և մարմնական կարողությունքս, փոքր էր մնացել որ մահիճ ընկնեի:

— Անցյալները... մի օր, քաղաքից դուրս գնացած լինելով, մի