Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպարկեշտ մարդը։ Վեր ելա պարսպի վերա, կամելով տեսանել թե ո՛վ էր այն, և ահա ոչ ոք չկար... բայց... արդարացի կասկած ունիմ դրացուս վերա, որի հետ անցյալները կռվել էի մի մսրահավի համար։

— Գնալով անկողին մտածեցի հոգ տանել և մեր կատարելի խնջույքի վերա, որովհետև երջանկություն ասացյալը ոչինչ հարգ ու արժանավորություն չունի, եթե փակվում է միայն մի մարդու մեջ, և եթե այդ մարդը չէ կարող ուրիշները ևս հաղորդել նորան։ Գիշերը, երազում տեսա իմ հավերժահարսը, որ, մի բարակ բատիստյա շապիկով, դուրս էր գալիս գետից։ Ջուրը թացացնելով նորա շապիկը շինել էր բոլորովին թափանցիկ, և այդ պատճառով աչքերս վերստին կախարդվեցան նորա գեղեցկութենից...

— Այսօր առավոտ ուղարկեցի քեզ այն տոմսակը, որ ստացար. իսկ ինքս գնացի ախոռ կատարելու իմ վհկական արարողությունը։ Այդ դյությության խորհուրդը այն էր, որ անմաքուր ոգիների միջնորդությամբ կանչեի իմ գեղեցկության գաղափարի ուրվականը, որ անտարակույս պիտի երևեր ինձ, յոթն ջրհորի ջրով լցրած պտուկի մեջ, և հարցանեի նորանից, նորա ո՛վ և ինչ լինելը։

— Քեզ արդեն հայտնի է, որ ես շատ անգամ կատարել եմ և ավելի ծանր գործեր, այս պատճառով ոչինչ տարակույս չունեի իմ հառաջադիմաթյան վերա։ Հանկարծ, մինչ բոլոր արարողությունը կատարած, մեծ և անզովանալի փափագով աչքս ձգում եմ պտուկի վերա, երևում է ինձ մի կերպարանք, որ սատանա լինելու համար, միմիայն կոտոշ չուներ գլխին։ Ես նայում եմ դարձյալ, երևում է նույն կերպարանքը, և ինձ թվեցավ, թե այդ կերպարանքը ժպտում էր... բայց այնպես ահարկու էր նորա տեսիլը, որ մահու սարսափ բերեց վերաս։ Իմ գեղեցիկ օրիորդի ուրվականը կանչելը և այդ հրեշի ինձ երևելը ապացուցանում էր, թե օրիորդը, որի վերա սիրահարված էի, արդարև ադամորդի չէր, որ խայտառակելով իմ թեթևամտությունը, երևել էր ինձ այդ դիվական կերպարանքով, դեռ ևս ծիծաղելով իմ վերա... Այստեղ կորուսի ևս ինձ... գիտեմ միայն, որ ներս վազեցի... բայց թե ի՛նչ էր պատահել այնուհետև, դու պիտո է ինձանից լավ իմանաս, որովհետև ներկա էիր։

Պ. Շաքարյանցը այնպիսի անկեղծ ոգևորությամբ խոսեց այս բաները, որ պ. Մարկոսը շարժվեցավ։ Նորա երեսի մեռելատիպ կերպարանքը, վշտահար աչքերը, դողդոջուն ձայնը և հեկեկանքից ընդհատված կարճ և արագ շնչառությունը — այս բոլորը միանալով կազմում էին արգարև մի տխուր և սրտաշարժ ներդաշնակություն։

Պ. Մարկոսը աշխատելով այս խավար մտածության ամպերը ցրվել յուր բարեկամի գլխից ասաց.