Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ես, մտանելով ախոռը, զննեցի քո արարողության համար պատրաստած բաների մնացորդը և տեսա մի ջրով լիք պտուկի հատակում Հուլիա Պոստրանայի պատկերը, որ ձեռքով և բավական կոպիտ նկարած էր. հանեցի և ձգեցի նորան հատակի վերա...

— Ի՞նչ բան ունի այդ հրեշի պատկերը իմ պտուկի մեջ, ո՞ր սատանան ձգել է նորան այստեղ, և մի՞թե ճշմարիտ է այդ, մի՞թե ես երկյուղ կրելով այդ հիմար պատկերից, անկատար թողեցի իմ արարողությունը, որ գուցե հասուցաներ ինձ իմ նպատակիս։

Պ. Շաքարյանցը, այս խոսքերը ասելով, սկսեց երեխայի պես լայ և գլուխը ծեծել ձեռներով։ Նա մտածում էր, որ եթե կիսակատար չթողուր յուր վհկական արարողությունը, ապա երևելու էր նորա հավերժահարսը և ինքը հասանելու յուր փափագելի նպատակին։ Պ. Մարկոսի կարեկցությունը ստացավ մի գործունյա բնավորություն։ Նա մտքումը դնելով անպատճառ գտանել այդ օրիորդը, որի համար խելքը թռուցել էր պ. Շաքարյանցը, խնդրեց սորանից նկարագրել այդ օրիորդը։

Պ. Շաքարյանցը թեև բանաստեղծ չէր, թեև չուներ մի առույգ և կայտառ հոգի, մի կենդանի լեզու, այնուամենայնիվ, այս դիպվածում, այնպես խոսեց, որ, ասես թե, նորա բոլոր շարժողությունքը, դեմքը, աչքերի փայլը, ձայնը, և այլն, և այլն, ամենեքին յուրյանց համար ջոկ-ջոկ լեզու դարձած խոսում էին պ. Շաքարյանցի փոխանակ։ Նա հայտնեց, թե օրիորդը բարձրահասակ է, սպիտակ, մազերը շիկագույն, աչքերը պարզ երկնագույն, շրթունքը կարմիր, որի երեսը նմանեցնում էր թավիշի. իրանը շատ կանոնավոր, կուրծքը կատարելապես կերպարանագործված և պարարտ, իսկ հագուստը վերջին — ամենանոր ձևով, որ կրում էին Փարիզում։ Պ. Շաքարյանցը կարծում էր նույնպես, թե այդ օրիորդը պիտո է գեղեցիկ և սուր ձայն ունենա, նա եզրափակում էր այսպես նորա աղաղակից, որ արձակել էր անտառի մեջ, պ. Շաքարյանցի երևելու ժամանակ։

Պ. Մարկոսը, այս բոլոր նշանները գրելով յուր ծոցի տետրակի մեջ, խոստացավ ամենայն հնար գործ դնել, ամենայն հարց ու խնդիր անտես չառնել, այդ օրիորդը գտանելու համար, եթե միայն կար արդարև մի այդպիսի օրիորդ յուրյանց քաղաքում։

Երբ մի փոքր հանդարտել էր պ. Շաքարյանցը, պ. Մարկոսը խնդրեց մի բաժակ արաղ և մի փոքր նախաճաշիկ։ Նա ասում էր, որ այդ կամրացնե պ. Շաքարյանցի թուլացած զորությունքը։ Արդարև մի րոպե հոդի առնելուց հետո, երկու սրտակից բարեկամների խոսակցությունը ստացավ բոլորովին այլ ուղղություն։