Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այժմ խոսենք մեր խնջույքի մասին,— ասաց պ. Մարկոսը, արաղը խմելուց հետո, ցած դնելով բաժակը։

— Խոսենք, եղբա՛յր, խոսենք,— պատասխանեց պ. Շաքարյանցը մեքենաբար, ցանկանալով մոռանալ անցած գնացածը։

— Քո պատրաստության մեջ ես տեսանում եմ թերությունք,— շարունակեց պ. Մարկոսը,— եզրակացնելով այն ծանոթութենից, որ տվեցիր ինձ այսօր քո կարճառոտ տոմսակով։ Դու մոռացել ես հոգալ, նախ, ռոմ, երկրորդ, անգլիական ճին, երրորդ, կոնյակ, չորրորդ, սարեպտի բալասան, մյուս ինչ որ հոգացել ես, լավ է։ Բայց այսքան պիտո է իմանալ, որ ուրախությունը ուրախություն չէ լինում, եթե նորա շինվածքը, հաստատ պահող հիմքերը չկային, այն չորս տեսակ ըմպելին այնպիսի սյուներ են, որոնց վերա կարելի է ուրախության պալատներ ևս շինել։

— Եղբա՛յր, ների՛ր, մոռացել եմ. մի գուցե այդ բանը վերագրես իմ ժլատությանը. ես իսկույն կհոգամ, և շնորհակալ եմ, որ ասացիր, թեև կարող էի ես ևս միտք բերել, բայց այսպիսի շփոթության մեջ... գուցե մոռանայի ևս։ Շատ ստույգ է, թե ոչինչ բան այնպես հիմնավոր չէ, ինչպես միաբան խորհրդով կատարվածը. և ահա ես իսկույն կհոգամ ինչ որ պակաս է. է՛յ, Սարգի՛ս։

Սարգիսը Շաքարյանցի սպասավորն էր, որ իսկույն երևեցավ յուր պարոնի ձայն տալու վերա։

— Տե՛ս, ի՛նչ է ասում պարոնը,— շարունակեց Շաքարյանցը ծառային, ցույց տալով պ. Մարկոսի վերա,— իսկույն պատրաստիր ինչ որ կհրամայե քեզ։

— Երկու շիշ Յամայկայի լավ ռոմ, երկու շիշ կոնյակ, երկու շիշ անգլիական ճին և երկու շիշ սարեպտի բալասան,— իսկույն կցորդեց պ. Մարկոսը։

Սարգիսը գլուխ տվեց և դուրս գնաց։

Պ. Շաքարյանցը շարունակեց.

— Ուրիշ ի՛նչ այնպիսի բաներ կային, որոնց վերա պիտո է խոսել։

— Դու գրում էիր, թե պիտո է խորհուրդ կատարել, ո՛վին հրավիրել և ո՛վին ոչ,– պատասխանեց պ. Մ արկոսը։

— Այո՛, այդպես։ Ես շինել եմ ահա մի ցուցակ, որի մեջ գրել եմ մեր հրավիրելի բարեկամների և ծանոթների անունները։

— Կարդա՛ տեսանեմ։

Պ. Շաքարյանցը հանեց սեղանի վերայի թղթերի տակից, որ խառնիխուռն ընկած էին, մի թերթ թուղթ և սկսեց կարդալ։