Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արծաթը։ Նորան այն ժամանակ ծանր է դուրս գալ գրպանից, եթե ճարել ես ճակատիդ դառը քրտինքով, եթե նորան հավաքելու համար կոտրել ես մեջքիդ օղը. բայց եթե ունեիր մի գիտություն, որ հրամայում էր պղնձին կամ երկաթին ոսկի փոխվիլ, և անշունչ մետալը հնազանդվում էր քո իշխանական հրամանին, այն ժամանակ ի՛նչ հարգ ոսկուն կամ արծաթին։ Թո՛ղ ուրիշները որոնեն նորան Ուրալյան սարերում, Բրազիլիայի և Կալիֆորնիայի մեջ, մեք Մանթուխյանցի քուրայից կստանանք նորան,– պատասխանեց պ. Շաքարյանցը ինքնաբավական կերպով։

Այս խոսքերից հետո, լցրեց նա ծխամանը թաբաքով։ Պ. Մարկոսը ևս, հետևելով պ. Շաքարյանցի օրինակին, սկսեց ծխել թուրքի թաբաքը և, արձակելով ծուխի օղեր, որ շատ հաջողակությամբ բաց էր թողնում բերանից, թվում էր, թե ընկնում է մտածողության մեջ։ Մինչդեռ սոքա զբաղված էին, և ահա սենեկի դուռերը բացվեցան հանկարծ և շեմքի վերա երևեցավ քիթը բերանը մրոտ մի մարդ։ Նորա հին սերտուկը շատ տեղ ծակոտված էր կրակի կայծերից, ձեռները, գործ ունենալով միշտ ջերմ մետալների հետ, կոշտացած էին բոլորովին և ճաքճքված, և այդ ճեղքվածքը, լցված լինելով ածուխի և այլ կեղտերի փոշիներով, կազմում էին զանազան ուղղութենով սև գծեր։

Նորա ալեխառն մազերը համարյա թե դեղնած էին բոլորովին և այդ անկանոն գունափոխությունը մազերի, երևի թե, պատճառված էր զանազան քիմիական շոգիների աղդեցութենից, որպիսի էին խլոռից բաղկացած աղերի շոգիքը, որոնք մեծ ազդեցություն ունին ներկանյութի (pigmentum) վերա։ Երեսի գծագրությունը բավական անկանոն, խոր ներս ընկած աչքերը, յուրյանց անսովոր փայլողությամբ, հաստատում էին նորա հոգու անհանգիստ բնավորությունը։ Ճակատը ճաղատացած, ինչպես թվում է, ժիպակեղեն բաղադրութենների շոգիներից, քիթը մեծ (թեև յուրաքանչյուր ոք մեզանից, որպես հայ, տեզիք չունի գանգատելու քթի փոքրության վերա), որի ծայրը բուի կտուցի նման կեռացած դեպի վերին շրթունքը, համարյա թե ծածկվում էր թավ ընչացքի մեջ, որ նույնպես դեղնած էր։ Երեսը ընդհանրապես դեղին, բայց այտերի վերին մասները մույգ կարմիր։ Այդ կարմրության մասին այսպես է մեր կարծիքը, թե պիտո է, որ այդ մարդը շատ կանգնած լիներ կրակի առաջև, որովհետև այդպիսիների երեսը մեծ մասնով հատկանում է թշերի վերին մասների մույգ կարմրությամբ։ Զարմանք չէ. երեսի այդ մասը զրկված լինելով մազերից, առավել ենթարկվում է ջերմության ազդեցությանը, որ գրգռելով կաշին, պատճառ է տալիս արյունի ավելորդ հավաքվելուն։ Արյունը անդադար և սովորականից դուրս առատությամբ մտանելով այդ մազի նման երակների մեջ, լայնացնում է նորանց, այս