Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե

— Ի՞նչ մարդիկ միտք ունիք հրավիրել,— հարց արեց Մանթուխյանցը:

— Ահա ցուցակը,— պատասխանեց պ. Շաքարյանցը:

Մանթուխյանցք վեր առավ ցուցակը և հարևանցի նայելով նորա վերա ասաց,— Չե՞ք հրավիրելու այն մարդուն, որ նոր եկել է այստեղ և որ ամենուրեք գտանվում է, ի՜նչպես է նորա անունը...

— Ո՜ր մարդը,— կրկնեցին բարեկամքը միաբերան։

— Սատանայական մոռացել եմ... ա՜հ... այնպես է, այնպես, Կոմս էմմանոլել...

— Որ սիրուն քո՞ւյր ունի,— ասաց պ. Մարկոսը։

Շաքարյանցը աչքերը չորս բացեց սիրուն քվեր անուն լսածի պես։

— Այն նորա քռւյրը չէ,— շարունակեց Մանթուխյանցը.— եթե այն օրիորդի համար եք ասում, որ միշտ պատահում է նորա տնումն. բայց այսքան պիտի իմանալ, որ շատ օրիորդքը մուտ և ել ունին նորա տան մեջ, և այդ օրիորդքը թատրոնախաղ աղջիկներ են մեծ մասնով։

Պ. Մարկոսը, որ, ինչպես հայտնի է ընթերցողին, մի փոքր հառաջ խոսք էր տվել պ. Շաքարյանցին, ոչինչ հարցախնդիր անտես չառնել, ամենայն կերպ հնար գործ դնել նորա սիրական օրիորդը որոնելու համար, մեծ ախորժանքով լսեց թատրոնական աղջիկների Կոմս էմմանուելի մոտ երթևեկություն ունենալու պատմությունը։ Նա, ինչպես համարում էր ինքը յուրյան, որպես բարակ քաղաքագետ, մտքումը դրեց անպատճառ ծանոթանալ Կոմսի հետ, որպեսզի հետո կարողանա նորա միջնորդությամբ ծանոթանալ և թատրոնական աղջիկների հետ։

— Եթե արժանի է, հրավիրենք նորան ևս,— հավելացրեց պ. Շաքարյանցը,— ես ծանոթ չլինելով, չէի նշանակել։

— Կհրավիրես, ծանոթ կլինի կերթա,— իսկույն պատասխանեց պ. Մարկոսը։

— Ինչ բաներ եք խոսում. ես շատ ուրախ եմ, որ չկա նորա անունը. և եթե դուք հրավիրելու միտք ունենայիք, ես անտարակույս պիտի խորհուրդ տայի ձեզ հրաժարվիլ այդ մտքից,— ասաց Մանթուխյանցը։

— Ինչո՜վ համար, եթե ամենեքյան հրավիրում են նորան,— խոսեց Շաքարյանցը։

— Նորա համար...— պատասխանեց Մանթուխյանցը,— նորա համար, որ նա մի անտանելի մարդ է։

— Ինչո՜վ,— հարց արեցին բարեկամքը։

— Ամենայն բանով... նա խելագա՜ր է... վկա՜ է աստված, խելագար է։