Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պ. Մարկոսը խնդրեց հատկացնել խնջույքի օրը. նորան պատասխանեց Շաքարյանցը, թե լինելու է մայիսի 20-ին։

Պ. Մարկոսը, մնաս բարյավ ասելով, դուրս գնաց Շաքարյանցի տանից, թողնելով այնտեղ երկու բարեկամքը։

Զ

Պ. Մարկոսը դուրս եկած չեկած Շաքարյանցի տանից, Մանթուխյանցը, որ մինչև այս րոպես մեծ բռնություն գործ դնելով յուր վերա, վարագուրել էր յուր ուրախությունը, վեր թռավ տեղից, և երկու ձեռքով փաթաթվելով Շաքարյանցի վզին, փոքր մնաց, որ յուր ասիացի քնքշությամբ խեղդեր սորան։

Մի օտարոտի տեսարան էր։ Շաքարյանցը ամենևին ոչինչ տեղեկություն չուներ այս տարօրինակ ուրախության մասին, որ այսպես բարբարոսաբար դուրս էր երեում Մանթուխյանցից. այս պատճառով, ամենայն սառնությամբ հանձն էր առնում Մանթուխյանցի կոպիտ քնքշությունքը։ Դորա փոխանակ, Մանթուխյանցը հասած լինելով վերջապես յուր այսքան տարիներով հղացած ցանկությանը, խելքը թռցնում էր ուրախութենից։ Երկու բարեկամքը ևս բավական ժամանակ մնացին առանց խոսելու։ Այդ միջոցին, նոցա միտք հասկացնող միջնորդը չէր աստվածեղեն խոսքը և բանականությունը, այլ մի տեսակ կատաղի ցնցողական շարժողություն։ Եթե մի օտար մարդ նկատեր հեռվից այս տեսարանը, անտարակույս, կարծելու էր թե մարդիկ չէին սոքա, այլ վայրենի արջեր, որ թավալվում էին սոֆայի վերա, թեպետ մինը նոցանից կարծում էր յուր անձը երևելի դյութ (чародей, կախարդ), իսկ մյուսը երևելի ալքիմիկոս։

Երբ բավական զորություն գործ դնելով երկուքը ևս ուժաթափվեցան, Մանթուխյանցը, ուրախական արտասուք աչքերում և հեկեկանքից ընդհատված ձայնով աղաղակեց.

— Ոսկին ծոցումս է...

Շաքարյանցի ականջին շատ քաղցր եկավ ոսկու ձայնը, վասն որո վերջին անգամ համբուրելով Մանթուխյանցի երեսը, շնորհավորեց նորա հառաջադիմությունը, որ յուրյանը պայմանի զորությամբ, պիտի մեծ ազդեցություն ունենար և Շաքարյանցի կյանքի վերա։

Երկու բարեկամքը ևս մի փոքր հանդարտելով նստած աթոռների վերա, Շաքարյանցը լցրեց արաղը բաժակների մեջ։ Մեծ սիրով բաժակները միմյանց զարկելուց հետո խմեցին։ Բայց Մանթուխյանցը արաղի վերջին ումպը կուլ չտված, սկսեց պատմել, թե ինչ կերպով վերջապես