Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Որովհետև իմ աշխատության վաստակն է դա, այդ պատճառով ևս ինձ ավելի քաղցր է նայել դորա վերա, քան թե մի այլ մարդու։ Մի՞թե չգիտես, որ ծնողին ավելի քաղցր է յուր զավակը, քան թե մի օտարին։ Գիտե՞ս, թե ինչքան քրտինք եմ թափել ես, մինչև հասել եմ դորան։

Մանթուխյանցը այս խոսքերը ասելով տվեց մետալը Շաքարյանցին, բայց աչքի հայացքով, ասես թե, հեռվից լափում էր այդ մետալի կտորը։

Շաքարյանցը, սեղանավորի աչքով քննելով մետալը, խոստովանեց նույնպես, թե ոսկի էր այն։— Բայց մի բանի վերա շատ զարմանում եմ,— ասաց նա,— ինչպես է, որ առանց մկնդեղի ստացվել է։ Ո՞չ ապաքեն ուրիշ անգամ, սույն իսկ նյութերով որ այժմ բաղկացնում են այս մետալը, փորձ արել էիր, ինչո՞ւ ապա այն ժամանակ չհաջողվեցավ ու այժմ այսպես..․

— Է՜հ, ինչ առնենք, եթե փորձը չհաջողվեցավ այն ժամանակ, միթե դատապարտվեցա՞ն այդ նյութերը երբեք չհաջողվելու։ Դու փոխանակ ուրախանալու, տրտմում ես...,— ասաց Մանթուխյանցը տհաճությամբ։

— Չեմ տրտմում,— բացականչեց Շաքարյանցը,— միայն․․․

— Գուցե կասկածում ես, կամ երկբայություն ունիս այդ մետալի արդարև ոսկի լինելու մասին․ եթե կամիս, տար ոսկերիչների մոտ, նոքա կվկայեն քեզ, որ ստուգապես ոսկի էր։

— Ոսկի եղածը ոսկի է, խոսք չկա...

— Ուրեմն ինչ։ Այդ պրծած բան է. այժմ ցնծանք և ուրախանանք։ Թող պարծենա Անգլիան յուր հարստությամբ, թող և Ուրալյան սառցագլուխ սարերը ուռչին յուրյանց մեջ, թե ոսկու մայր էին։ Կեցցե՜ գիտություն, կեցցե՜ աշխատություն։ Ասացի, այս վերջացած բա՜ն է, այժմ մտածենք խնջույքի վերա։

— Խնջույքի վերա ի՜նչ մտածելու բան կա, այնպես խնջույք կարելի է առնել, որ աշխարհը զարմանա։ Շամպայն ասածդ հեղեղի պես կթափեմ, կբանամ քսակիս բերանը, թո՜ղ մեր Սարգիսը դիմանա միայն խցանը բանալով․ բայց բանը այդ չէ, մեք ուրիշ մտածելիք ունինք։

— Օրհնած, մտածելուց գլուխներս ճաքեցավ, փոքր մնաց, որ գլխիս ուղեղը հոտի, թող մի փոքր հանգստանանք, ուրախանանք։

— Բայց լսի՜ր, իմ ասած մտածելիքը զվարճալի բաներ են, և կարծեմ, որ դու ևս հեռի չմնաս այդ բաներից, անտարակույս քո հոժարությունը ևս հարկավոր է, այստեղ ես համարյա թե ոչինչ եմ։

— Ի՜նչ բաներ են ապա,— հարց արեց Մանթուխյանցը։

— Ոսկին, որ առաջին անգամ այդքան փոքր շինեցիր, երկրորդ անգամը շատ պիտի շինես, այնպես չէ՞։