Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է իմանում, ո՛չ մատաղը, ո՛չ քավությունը, ո՛չ թողություն։ Եթե մի փոքր մեղադրես այդպիսուն նորա սխալների պատճառով, կտեսանես ահա, որ հիմար ֆանատիկոս անունը կբևեռե ճակատիդ։ Մեր ազգը ինչպես որ Լուսավորչից (մատաղ գնամ նորա զորությանը), ստացել է յուր կրոնը, ինչպես պաշտում է Լուսավորչի լույս հավատը, պետք է աշխատենք, որ այդ հավատը ամուր և անխախտ պահպանվի, մեզ հարկավոր է ոչ թե հավատի թշնամիք հավելացնել, այլ հավատի պաշտպանք և պատսպարողք։ Վարժատուն ասած բանդ, ճշմարիտ է, ուսուցանում է մարդու զանազան լեզուք, զանազան արտաքին գիտությունք, բայց եթե առողջ բանականությամբ քննենք, այդ բոլորը հոգու փրկության պատճառ չէ կարող լինել, այլ մանավանդ կորստի։ Ինչ ունինք, սիրելի, այս աշխարհիս մեջ, ինչ պիտի տանենք այստեղից․ մի չոր հոգի ունինք, պետք է աշխատել, որ դժոխքի բաժին չլինի մեր խեղճ հոգին։ Ուսում ստացողը նույնպես պիտի մեռանի՞ թե ոչ, ուսում ստացողի կյանքը նույնքա՞ն է որքան տգետինը թե ոչ. ուրեմն ի՛նչ գործնական օգուտ ունի հոգին ուսումից․ ո՛ր սուրբերը ուսյալ էին։ Մարգարեքը հովիվ չէի՞ն, առաքյալքը ձկնորս չէ՞ին։ Աստված, ողորմիր ինձ ասել չուսանողը, այլ, դորա փոխանակ, աստված, ես քեզ ողորմիմ ասողը չէ՞ր, որ ծովի վերա ոտքով վազեց դեպի նավը, որով աստված, ողորմի՛ր ինձ աղոթքը ուսուցանող վարդապետը գնում էր։ Եվ այս վարդապետը չէ՞ր որ տեսանելով այն ռամիկ մարդու սրբությունը, որով, անտարակույս, որպես ցամաքի վերա ման էր գալիս նա, ասաց թե քեզ ոչինչ ավելի հարկավոր չէ, երանի՜ թե ես ևս քո պես անգետ լինեի, բայց քո աղոթքի պես իմ աղոթքը ևս արժանընդունակ լիներ։ Մեր գլխավոր պարտականությունն է եկեղեցիք շինել, եղած եկեղեցիների պատկերները արծաթապատել, քառասնիցը անպակաս առնել, ննջեցյալների գերեզմանը օրհնել տալ, մատաղը չմոռանալ և պահքը պահել․ եթե սորանից ավելի կամենանք, ընդունելի և աստվածահաճո բաներ դեռ ևս շատ կան, ջրհոր փորել, տանը մնացած աղջիկ լույս ու արև հանել, տոնի, զատկի աղքատներին հանդերձ բաժանել։ Անտարակույս այս բոլորը կառնենք մեք քո հետ. բացի սորանից հարկավոր է, որ դարպաս ուղարկենք Երուսաղեմ, Մշու սուրբ Կարապետ և այլ այսպիսի ուխտատեղեր, որ օրհնենքադիր ստանանք։ Ախ ի՛նչ գեղեցիկ են այդ օրհնության գրերի ոճը և շարադրությունը։ «Ի սուրբ և աստուածընկալ դրանէ... աստուածային օրհնութիւնն եկեալ հանդիցէ, ծաւալեսցի ի վերայ ձեր և համայն ձերայնոց...» և այսպիսի օրհնության գիր շատ անգամ կարելի է կես մանեթով ստանալ։ Ի՛նչ է մարդուս երջանկությունը սորանից ավելի. «Ցայտ լիցի աստուածասիրութեանդս», կշարունակե օրհնության գիրը, «զի զոր առաքեալ էիք ձեռամբ (այս ինչ անձին) զմի