Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պարապելով դյութական բաներով, մի փոքր երկյուղ ևս ուներ, որ մի՝ գուցե աստված բարկանա յուր վերա, ուստի և հոժարակամ ընդունեց այն բոլոր աոաջարկությունքը, որոնց խորհուրդը և նպատակն էր մոտ մնալ եկեղեցուն և հոգևորներին, որոնց միջնորդությամբ կարող էր թողուլ աստված յուր դյութությամբ պարապելու մեղքը։

— Մեք այս բաների վերա ուրիշ անգամ ավելի ընդարձակ կխոսենք,— ասաց Մանթուխյանցը, ձեռքը պարզելով դեպի արաղի շիշը։ Շաքարյանցը հառաջամատույց գտանվեցավ և իսկույն լցրեց բաժակները արաղով։ Այս րոպեից սկսած Մանթուխյանցի և Շաքարյանցի հարաբերությունը ամենևին այն չէր, ինչ որ քանի մի օր հառաջ։

Մանթուխյանցը, ոսկին շինելուց հառաջ, գալիս էր Շաքարյանցի մոտ, որպես յուրյանից առավել մեծ մարդու մոտ, ըստ որում, ինչպես ասել ենք յուր տեղում, Շաքարյանցը ուներ մի փոքր կարողություն։ Բայց երբ գտավ ոսկի շինելու գաղտնիքը, Շաքարյանցը սկսեց նայել Մանթուխյանցի վերա նույնպիսի մեծարական աչքով։ Եվ Մանթուխյանցը, որպես մի տգետ մարդ, իսկույն սկսեց օգուտ քաղել յուր դրութենից, փոխեց յուր խոսակցության ոճը Շաքարյանցի հետ, և կրավորական բնավորությունը դեպի ներգործական։ Ճշմարիտը պիտո է ասել, Շաքարյանցը յուր ժամանակին այս աչքով նայած չէր Մանթուխյանցի վերա։ Ինչևիցե։ Մեք թողունք առ ժամանակ սորանց այստեղ և տեղափոխվինք մտքով դեպի մի այլ ընկերություն։

Է

Շատ ժամանակ չէր, որ Կոմս էմմանուելը բնակվում էր այս քաղաքի մեջ, ուր անցան նախընթաց գլուխներում պատմած անցքերը։ Նորա անձնական տկարությունքը հարկադրել էին նորան, օդափոխության համար դուրս գալ յուր մռայլոտ բնակարանից, ուր շատ տարիներ անցուցել էր մելամաղձական և տխուր միայնության մեջ։

Դպրության կանոնքը արգելում են մեզ, առանց որևիցե մարդու կամք ստանալու, տպագրությամբ հրատարակել նորա վարքագրությունը. այս պատճառով համարձակություն չունիմ խոսել հրապարակով իմ ընթերցողների հետ Կոմս էմմանուելի անձին վերա, հերիքանալով, որ թույլտվություն ունիմ նորա կողմից ասել այնքան, որքան ասացի կամ որքան դեռևս պիտի ասեմ։

Բացի սորանից, Կոմս էմմանուելը մի նոր մարդ չէ մեր ազգի համար. նա փոքր ի շատե հայտնի է ընթերցող հասարակությանը յուր Հիշատակարաններով և ոտանավորներով, որ տպվում են Հյասիսափայլ