Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրագրի մեջ. այս պատճառով ևս իմ ընթերցողքը չեն կարող ասել ինձ, թե խոսում էի մի բոլորովին նոցա անծանոթ մարդու մասին: Ինչևիցե։

Ահա այս քաղաքը գալով Կոմս էմմանուելը ման էր եկել համարյա թե բոլոր փողոցները, տեսել էր բոլոր եկեղեցիքը, վաճառանոցները, ըստ որում հայաբնակ քաղաքներում սոցանից ավելի բան չկա, որ կարողանար գրավել մի եկավոր կամ հարցախնդիր մարդու ուշադրությունը։ Առհասարակ շատ տխուր երևույթ է այս, բայց անմիջական հետևանք հայերի կյանքի ասիական բնավորությանը: Այնտեղ, ուր չկա կրթություն և դաստիարակություն, չէ կարող լինել ընկերական կյանք. իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական սկզբունք, որի հիմքի վերա ոչ թե միայն բան չէ շինվում, այլ հառաջուց շինվածները ևս քանդվում են։ Որևիցե գործ, որ պիտի պատկաներ ամբողջ ազգին, հարկ է որ կատարվի հասարակաց ձեռքով, հասարակաց հոգու միաբան գործակցությամբ. բայց ուր իշխում է եսականություն, այնտեղից հալածական է միաբանական աստվածային հոգին։ Եսական հոգով բան չէ հառաջանում նորա համար, որ նա կենտրոնացած է յուր մեջ. նա մեռած է շրջակայքի համար, թեև գտանվում էր մի կենդանության պատկեր ունեցող կեղևի մեջ։ Մի այդպիսի մարդու վարդապետությունը զոհաբերության մասին (առանց որին ոչինչ առաքինություն չկա) այսպես է, թե այն զոհն է արժան և ընդունելի, որ վարձատրվում է իսկույն նյութական ճանապարհով: Նա չկամի ևս հասկանալ, թե առաքինություն ասածը մի վերացական բան է և չէ երևում նյութական կերպարանքի տակ։ Հեռի է նորանից այն հասկացողությունը և վարդապետությունը, թե ամենայն զոհ, որ վարձատրվում էր մաքուր խղճմտանքի գիտակցությամբ, արդեն ամենալավ աղբյուրն էր մխիթարության։ Ո՛հ, արևը շատ անգամ դեռևս պիտի մտանե հայերի ասիական պղտոր հայացքի վերայով... գնայուն մեռյալները (ходячие трупы) դեռևս շատ ժամանակ պիտի կենդանի մարդիկ թվին մեր արտասվելի ազգի աչքում։ Երևում է, որ մեք տեսանելու չէինք նախախնամության այցելությունը այս ազգին հասած, բայց արդյոք պիտի տեսանեի՞ն մեր որդիքը կամ թոռները, դժվար է հավատալ։ Չսերմանած, հնձելու հույսը չար անձնախաբեություն է. եթե մեր պապերը և հայրերը սերմանած լինեին, մեք այժմ կհնձեինք, ներկայումս չենք հնձում նորա համար, որ մեր նախնիքը չեն սերմանած, բայց մեք ևս չենք սերմանում, ի՛նչպես ուրեմն կարող են հնձել մեր որդիքը և թոռները։ Հայերի համար, երեկ և այսօր նույն և միշտ. չեմ ասում հավիտյան, որովհետև այդ ազգի բռնած ճանապարհը այնպես է, որ դարերի ևս դժվար թե կդիմանար, ուր մնա հավիտյանը։